«ԵՍ ՔՈ ԱՐՑԱԽՆ ԵՄ, ԴՈՒ՝ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ"». «ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՆԻՖԵՍՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զարմանալի է, բայց այս երգը չի ձանձրացնում: Լսում ես դա օրական 10 անգամ, և ամեն անգամ փշաքաղվում ես ու ցանկանում լսել նորից։ Ասես չես հագենում: Ասես զգում ես, որ սպասում էիր հենց այդ երգին, հենց այդ խոսքերին, որ հենց դրանք են հստակ արտահայտում քո զգացողություններն ու երազանքները: Եվ որ սա ոչ թե պարզապես երգ է, այլ պատասխան բոլոր նրանց, ովքեր ուզում են քո մեջ սպանել հային, պղծել ու նսեմացնել ազգային ինքնությունդ, արժանապատվությունդ, ոչնչացնել Հայաստանի հոգին:

Պատասխան բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստիպել հայերին մոռանալ Արցախը։

 

«ՍԱ ԻՄ ԳՐԱԾ ԵՐԳԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ։ Երգն իրականում գրվել է ավելի շուտ, սակայն ներկայացրեցինք սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը,- «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում պատմել է երաժշտության և խոսքերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։- Ես հստակ գիտակցում էի՝ տեղի է ունենում մի գործընթաց, որով փորձում են ընդհանրապես մոռացության մատնել Արցախ հասկացողությունը։ Ու մոռացության մատնել ոչ թե որպես նախկինում երկրորդ հայկական հանրապետություն, ոչ թե որպես նախկինում մեր հաղթանակների խորհրդանիշ, ոչ թե որպես այն հենասյունը, որի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, որով Հայաստանը հետաքրքիր էր աշխարհին, այլ մոռացության է մատնվում որպես երևույթ, որպես նույնականացման, գիտակցական հիշողություն… Ուստի իմ համար շատ կարևոր ու էական էր ցույց տալ, որ իմ՝ որպես հայ մարդու ուղեղից դուք չեք կարողանալու ջնջել Արցախ հասկացողությունը»։

«Ես քո Արցախն եմ, դու՝ իմ Հայաստանը» երգը մեծ, անպարտելի սիրո մասին է։ Հայրենիքի նկատմամբ սիրո, որը «սիրուն է դարձնում ամեն օրը», և որն անհնար է սպանել: Հայրենիքի մասին, որը չի կարելի բաժանել մարզերի, քաղաքների և գյուղերի, քանզի Հայրենիքը մեր ողջ Հայաստանն է. Երևան և Գյումրի, Ստեփանակերտ ու Շուշի, Վանաձոր ու Վարդենիս, Դիլիջան և Տաշիր, Էջմիածին ու Տաթև, Ապարան և Արարատ, Որոտան ու Արաքս, Խուստուփ և Արագած

Գյումրիի Hayat Project կոլեկտիվի կատարմամբ և հուզականորեն անասելի հագեցած տեսահոլովակով ներկայացված՝ դա մարդկանց մեջ ծնում է բուռն զգացողություններ, որոնք անհնար է արտահայտել բառերով։ Միայն երաժշտությամբ, միայն հոգու պոեզիայով։

Արցախի անկախության օրը ներկայացված երգը տարածվեց աներևակայելի արագությամբ, վայրկենապես ժողովրդականություն նվաճեց. առաջին 8 ժամվա ընթացքում տեսահոլովակը տարբեր հարթակներում ստացավ ավելի քան 2,5 միլիոն դիտում և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ: Սեպտեմբերի 12–ի առավոտյան, այսինքն 10 օրից էլ պակաս ժամանակահատվածում միայն YouTube-ում արձանագրվել է 1 մլն 200 հազար դիտում. տարածման նման արագություն, հեղինակի խոստովանությամբ, չի եղել հայկական երգերից ոչ մեկի պարագայում:

Այդ անհավանական ժողովրդականության պատճառներից մեկը, ըստ Ռուբեն Մխիթարյանի, այն է, որ հայ ժողովրդի մեջ կա չարտաբերված մեղքի զգացում Արցախի կորստի համար: «Ես քո պայքարն եմ, դու՝ իմ Հայրենիքը, ես քո լեռներն եմ, դու՝ իմ հարսանիքը». ստեղծագործության ողջ բացարձակ ներդաշնակությամբ հանդերձ՝ հենց այս խոսքերն են սրտի առանձնակի թրթիռ առաջացնում, իսկ աչքերը ՝ լցնում արցունքներով... Մի՞թե ոչ մեղքի զգացումից՝ Հայրենիքի կորսված անգին կտորի, այն բանի համար, որ թույլ տվեցինք դավաճանել մեր Արցախի ազատագրման համար իրենց կյանքը զոհած հերոսներին, թշնամու պիղծ ոտքի տակ գցել մեր Շուշին, մեր Ստեփանակերտը, մեր Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը...

Այն բանի համար, որ առ այսօր թույլ ենք տալիս անհայրենիք սրիկաներին ու տականքներին անպատիժ ծանակել ամենամեծ սրբությունը, պղծել ու անարգել մեր մեծ Հաղթանակը, այն ամենը, ինչը հենց մեր Հայաստանն է, նրա էությունն ու սրբազանությունը

Բայց այս երգը միայն հայի սրտից Արցախը ջնջելու անհնարինության մասին չէ, երգը նաև Հայրենիք հասկացության ամբողջականության մասին է։ Վեց տարի շարունակ հայ ժողովրդին փորձում են, և ավաղ՝ ոչ առանց հաջողության, բաժանել, պառակտել, տարանջատել, թշնամանք սերմանել նրա տարբեր մասերի միջև։ Վերածել Հայրենիքը մի տարածքի, որը հանգիստ կարելի է նվիրել թշնամուն հանուն երևութական «խաղաղության»։

Երգը հիշեցնում է մեզ կարծես թե պարզ, բայց մեր մոռացած և ուրացած ճշմարտությունը. հայոց ուժը համախմբվածության, միասնության, անքակտելիության մեջ է, ամեն անկյունի, ամեն տաճարի ու ամեն եկեղեցու, ամեն գյուղի ու քաղաքի, գետի ու սարի, ամեն տան ու հայրենակցի նկատմամբ սիրո մեջ, առանց հայկական «ցի» վերջածանցով կործանարար բաժանման

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ շնորհակալական հազարավոր մեկնաբանությունների մեջ կան նաև «բացասական» գրառումներ՝ կշտամբանքներ հեղինակներին այն բանի համար, որ տեքստում նշված չէ իրենց քաղաքը, գյուղը կամ մարզը։ Ռուբեն Մխիթարյանը այդ կշտամբանքի պատասխանն էլ ունի. «Երգը շարունակություն է ունենալու, դուք կլսեք մեր բոլոր սիրելի քաղաքների անունները»:

«Այս երգն ավելին է, քան երգ։ Սա պարզապես մանիֆեստ է «հայկականության» մասին»,- գրել է փաստաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Մանիֆեստ, որը հայտնվեց ճիշտ ժամանակին և հիշեցրեց մեզ գլխավորի մասին: Մանիֆեստ՝ որպես պատասխան բոլոր նրանց, ովքեր փորձում են ստիպել մեզ մոռանալ ժամանակավորապես կորցրած Արցախն ու ճշմարիտ Հայաստանը: Մանիֆեստ, որը կոչ է անում պայքարել ու չհանձնվել:

Մանիֆեստ, որը մեզ շատ էր պետք։ Եվ չէր կարող չհնչել հենց այդպես ՝ ուժեղ, հզոր, գեղեցիկ, հպարտ։ Շնորհակալություն, Ռուբեն Մխիթարյան և «Hayat Project»: