Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը նորից կսկսվի
Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածը սահմանում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու սահմանները) Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել:
«Սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված էին միայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վրա: Դատարանը որոշեց վերացնել նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև հանել նրանց գույքի կալանքը։
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն վերը նշված հոդվածով:
Sputnik Արմենիա