ՆԳՆ․ Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևի հետևանքների վերաբերյալ 65 ահազանգ է ստացվել

Երևանում արձանագրվել է ջրալցումների 26 դեպք, մեծ մասը՝ 18 դեպք, Կենտրոն վարչական շրջանում։ ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ Նոր Նորքում արձանագրվել է ջրալցման 4 դեպք, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նորք Մարաշ վարչական շրջաններում՝ 1-ական դեպք։ 6 դեպքում ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել, մի շարք հասցեներից փրկարարները մոտ 228 տոննա ջուր են հեռացրել։

«ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլեկտրական լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)»,- հայտնում են գերատեսչությունից։

Արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա։

Իրականացված աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։

Զոհեր և տուժածներ չկան։

Նշենք, որ Երևանում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո հեղեղումներ են առաջանում, մայրաքաղաքի փողոցներով, բառի բուն իմաստով` վարար գետեր են հոսում։

Sputnik Արմենիա