Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական է տվել
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի գլխավոր իրավախորհրդատու Լիզա Զորնբերգն այս շաբաթավերջին անսպասելի հրաժարական է տվել, հայտնում է Associated Press-ը։
Քաղաքապետարանը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել է Լիզա Զորնբերգի հեռանալու մասին։ Ավելի քան մեկ տարի նա Ադամսին և քաղաքային այլ պաշտոնյաների խորհուրդներ էր տալիս իրավական ռազմավարության վերաբերյալ և հաճախ նրա անունից պատասխանում մամուլի ներկայացրած իրավաբանական հարցերին: Սակայն նա նրա անձնական փաստաբանը չէր։
Հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դաշնային քննիչներն առգրավել են քաղաքապետ Էրիկ Ադամսի մերձավոր շրջապատի մի քանի անդամների հեռախոսները, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության բաժնի ղեկավարինը, որը հրաժարական է տվել հինգշաբթի օրը։
Ոստիկանության կոմիսար Էդվարդ Կաբանը նույնպես հրաժարական է տվել՝ պատճառ բերելով հետաքննությունների մասին լուրերի առաջացրած «շեղող գործոնը»:
Ընդ որում լրատվամիջոցը նշում է, որ Զորնբերգը՝ ԱՄՆ դատախազության նախկին դաշնային դատախազը, որը ներկայումս որոշ հետաքննություն է վարում Ադամսի վարչակազմի նկատմամբ, այն պաշտոնյաներից չէր, ում հեռախոսներն առգրավել էին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ABC News-ը, Նյու Յորքի քաղաքապետի հետաքննությունը գոնե մասամբ վերաբերում է նրան, թե արդյոք Ադամսը և նրա շրջապատը անօրինական նվիրատվություններ են պահանջել Թուրքիայից՝ ճնշում գործադրելով հրշեջ ծառայության վրա, որպեսզի այն արագ զբաղվի թուրքական նոր հյուպատոսության ստուգմամբ: Քննիչները նաև պարզել են, թե արդյոք Ադամսը Turkish Airlines-ի թռիչքներում սպասարկման բարձր կարգ է ստացել:
Ադամսի փաստաբանները՝ Բրենդան Մակգուայրը և Բոյդ Ջոնսոնը, հայտարարել են, որ իրենց հետաքննությունն են անցկացրել այն ուղղություններով, որոնք քննում են դաշնային դատախազները և եզրակացրել, որ քաղաքապետը դատապարտելի ոչինչ չի արել:
Հիշեցնենք, որ Politico-ն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը խուզարկությունից ընդամենը մի քանի ամիս առաջ վճարել է քաղաքապետի երկու օգնականների՝ երկիր մեկնելու համար, ինչը հայտարարվել էր տնտեսական զարգացման նպատակով ուղևորություն։
News.am