Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է պաշտպանել Հայաստանը Ռուսաստանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»։ Այս խոստումը ֆրանսիացի նախարարը հնչեցրել է սեպտեմբերի 16-ի առավոտյան Երևանում կայացած մամուլի ասուլիսում՝ ժողովրդավարական եվրոպական արժեքների պաշտպանության համատեքստում։
Հայտարարելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքները՝ Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։
«Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում»,- խոստացել է Սեժուրնեն՝ հավելելով, որ Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում բոլոր այն երկրներին, որոնք պայքարում են այդ արժեքների համար։ «Ֆրանսիան միշտ մոտ է ձեզ։ Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- ասաց նախարարը։
News.am