Այլևս չի բավարարում թողունակությունը. Կամո Արեյանը` Երևանի ջրահեռացման համակարգի մասին

Երևանն ունի անկատար, թերի կառուցված ջրահեռացման համակարգ, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն կա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով անձրևների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով դարձյալ մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում գրանցվեցին ջրի կուտակման դեպքեր։

«Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։ Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից։ Բայց հիմնական պատճառը մեր թողունակության պակասն է, թերի կառուցված լինելը, որ այլևս չի բավարարում քաղաքին»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, և այնտեղ էական ներդրումների կարիք կա։

Sputnik Արմենիա