Գալագեր․ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան

Գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Անահիտ աստվածուհու պատկերը բոլոր հայերի համար, և ինձ համար իսկապես հաճելի է, որ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև այս համագործակցությունը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը Երևանում: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն:

«Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»,- ասաց նա:

Ջոն Գալագերը նաև կարծում է, որ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:

ՀՀ Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, երկուսն էլ Հայաստանում են:

Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Բրիտանական թանգարանի կայքի տեղեկացմամբ՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին, Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։

Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

News.am