Օհանյան․ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել «շարժման» արդյունքից ելնելով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին «Սրբազան շարժման» վերլուծության, վերագնահատումների, նաև հաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են ընթանում, և Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ, հանդիպել է նախագահներին և այդ շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԱԺ-ում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սրբազանի և իրենց ֆրակցիայի հանդիպման նպատակներին:
Նա նշեց, որ քննարկել են ընդհանուր «Սրբազան շարժմանը» վերաբերող հարցեր, նշել են, որ իրենք՝ որպես ընդդիմադիր շարժում, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին աջակցել են «Սրբազան շարժմանը» և շարունակելու են աջակցել:
«Քննարկվեցին նաև գործիքակազմեր, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցության գործողություններին, որոնք վերաբերում են և անվստահությանը, և իշխանափոխությանը, և մնացած բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ ապագայում ևս մեր աջակցությունը ցուցաբերելու ենք որպես ընդդիմադիր ուժ, նաև Ազգային ժողովում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 22-ին սպասվող մեծ միջոցառմանը իրենց աջակցությունը կունենան «Սրբազան շարժմանը»:
Դիտարկմանը, թե պայքարին չի՞ հաջողվում մարդաքանակ ապահովել՝ նա պատասխանեց, որ Սրբազանի գլխավորությամբ ձևավորված խորհուրդը օրակարգը կձևավորվի և այն ուղերձները, որ անհրաժեշտ է փոխանցել մեր ժողովրդին՝ կփոխանցվեն։
«Շարժման և՛ խորհուրդը, և՛ ղեկավարությունը, նաև մեր ժողովուրդը պիտի իմանան, որ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար և համառ գործողություններ, և այդ պարագայում բոլորը պիտի իրենց դերակատարումն ունենան։ Նաև գտնում եմ, որ շատ ձգձգումներն էլ չպետք է լինեն: Պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն վերջնական նպատակին»,-ընդգծեց Օհանյանը։
Օհանյանը նշեց, որ Շարժման օրակարգում բոլոր գործողությունները շարունակում են մնալ նույնը: «Բայց նաև Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել Շարժման արդյունքից ելնելով, այսինքն, պետք է լինի ժողովրդական լայն համախմբում»,- շեշտեց նա։
News.am