Հայաստանում սննդի առաքիչների միայն միայն 1%-ն է ամեն օր բուժզննում անցնում
Հայաստանում սննդի առաքիչների միայն 1 տոկոսն է ամեն օր բուժզննում անցնում։ Այս մասին են վկայում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից 204 առաքիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է 156 հայ, 38 հնդիկ (Հնդկաստանի ժողովուրդների ներկայացուցիչ) և 10 ռուս (հարցման արդյունքներում նշված է ազգությունը, ոչ թե քաղաքացիությունը) առաքիչ: Հարցումն անցկացվել է բոլոր ամենատարածված առաքման ծառայությունների աշխատակիցների շրջանում (Menu.am, Glovo, Yandex Eats և այլն): Չնայած հիմնականում առաքիչը տղամարդու մասնագիտություն է, սակայն հարցվածների 8,2%-ը կանայք են:
Հարցվածների 5,9%-ը նշել է, որ բուժզննում անցնում է ամիսը մեկ անգամ, 3,4%-ը՝ եռամսյակը մեկ, 9,8%-ը՝ վեց ամիսը մեկ, 14,2%-ը՝ տարին մեկ անգամ: 39.7%-ը պատասխանել է «տարեկան 1 անգամից պակաս», 25.9%-ը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել: Հարցվածների միայն 22,9 տոկոսն է նշել, որ իրենց բուժզննման համար վճարում է գործատուն. 68,6% դեպքերում հենց աշխատողն է վճարում։ Հարցվածների 2,9-ական տոկոսը հայտարարել են, որ զննման համար վճարում են պետական մարմինները կամ ապահովագրական ընկերությունը։
Այն հարցին, թե արդյոք նրանք ճանաչում են Հայաստանում հարկադրաբար աշխատող մարդկանց (ահաբեկումներով կամ սպառնալիքներով, ընդ որում՝ ոչ միայն սննդի առաքման ոլորտում, այլև ընդհանրապես), դրական պատասխաններն անսպասելիորեն շատ են (14,2%): Սակայն հարցման մեջ չի նշվում, թե ով է ավելի հաճախ նշել այդ մասին՝ հնդիկները, ռուսները, թե հայերը:
Հանգստյան օրերին կամ արձակուրդներին աշխատանքի դիմաց փոխհատուցման մասին հարցին գրեթե երկու երրորդը (63,7%) պատասխանել են, որ գործատուից այդպիսի փոխհատուցում չեն ստանում։ Միայն 22,9%-ն է դրական պատասխանել (որ փոխհատուցում ստանում է): 15.7%- ը նշել է, որ բժշկական ապահովագրություն ունեն, և միայն 31.4%-ն է նշել, որ գործատուն իրենց աշխատանքային հատուկ հագուստ է տրամադրում (սաղավարտ, բաճկոն և այլն):
Այնուամենայնիվ, հարցվածների մեծամասնությունը (60,3%) մշտական աշխատանքային պայմանագրեր ունեն, իսկ ևս 3,9%-ը՝ կարճաժամկետ (մի քանի ամսով):
Ինչ վերաբերում է բնակարանային պայմաններին, ապա 59,3% - ը բնակվում է բնակարաններում, 30,4%-ը՝ սեփական տներում: Սակայն հարցման մասնակիցներից չեն ճշտել` նրանք մենա՞կ են ապրում, թե՞ այլ մարդկանց հետ (թեև հայտնի է, որ Հնդկաստանից եկածները հաճախ վարձով բնակարաններում ապրում են մի քանի հոգով)։ 2,9%-ը ապրում են սոցիալական կացարանում կամ ապաստարանում, 2,5%-ը՝ հանրակացարանում: 3%-ը հայտարարել է, որ բնակարան չունի (նրանցից 2,5%-ը գիշերում է ոչ բնակելի շինություններում):
Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե 83,8%-ը նշել է, որ իրենք են որոշում, թե օրական քանի ժամ պատվերներ ընդունեն, և միայն 15,2%-ն է պատասխանել, որ գործատուն իրենց համար նվազագույն և առավելագույն աշխատանքային ժամեր է սահմանել: 33,8%-ը նշել է, որ աշխատում է 9-12 ժամ, 31,9%-ը՝ 8 ժամ, 22,1%-ը՝ 5-8 ժամ, 6,9%-ը՝ 2-4 ժամ: 4,4%-ը նշել է, որ օրական ավելի քան 12 ժամ աշխատում է:
Եկամուտների մասին հարցին ի պատասխան միայն 5,5 տոկոսն է հայտարարել, որ նվազագույն աշխատավարձից (75 հազար դրամ) պակաս է ստանում։ 22,5%-ը նշել է, որ 75-150 հազար դրամ է ստանում։ Ամենաշատը (մոտ 41%) պատասխանել են, որ ստանում են 150-350 հազար դրամ։ Մոտ 17%-ը նշել է 350-500 հազար դրամ, մոտ 7%-ը՝ 500-750 հազար, իսկ հարցվածների 1,5% - ը հայտարարել է, որ ստանում է 750 հզարից 1 մլն դրամ (մոտ 2 580 դոլար): Հարցվածների 5.8%-ը հրաժարվել է պատասխանել:
Ընդ որում, խոսքը ոչ թե «կեղտոտ» աշխատավարձի, այլ փաստացի եկամտի մասին է՝ հարկերը հանած։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 210 հազար դրամ կամ 540 դոլար (հանած եկամտահարկը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության և կենսաթոշակային հիմնադրամներին վճարումները (վերջին դեպքում վճարումները պարտադիր չեն օտարերկրացիների և 1974թ․-ից շուտ ծնված քաղաքացիների համար):
Sputnik Արմենիա