«Ռոսատոմը» կուսումնասիրի Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը
«Ռոսատոմ Սերվիսը» և «Ուրան–գրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական–ցուցադրական կենտրոնը» սկսել են Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստի հետազոտումը: Այդ մասին հայտնում է «Ռոսատոմ Սերվիսի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Հայկական ԱԷԿ–ի անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները մինչև 2036 թ. երկարաձգելու համար:
«Ռոսատոմ սերվիսը» սկսել է Հայկական ԱԷԿ–ի շենքերի և շինությունների համալիրի հետազոտությունը: Ծրագրի շրջանակում առաջնահերթ կհետազոտվի կոշտ թափոնների պահեստարանը։ Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք գոյանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում և կուտակվել են 1980 թվականին կայանը շահագործման հանձնելու պահից»,– ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսատոմի» կողմից իրականացվող աշխատանքների առանցքային չափանիշներից մեկը, որով հաստատվում է ատոմակայանի երկարացման հնարավորությունը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ պահպանման ապահովումն է։
Sputnik Արմենիա