Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՄԱՐ
Հայաստանն այսօր միանշանակ նոր պետական գաղափարախոսության և մոտեցումների արդիականացման կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` վերլուծելով Փաշինյանի գրառումը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ խոսել էր պատմական Հայաստանի և իրական Հայաստանի մասին։ Նա նույնիսկ ներողություն է խնդրել հայ ժողովրդից, որ տարիներ շարունակ պարտադրել է նրանց ապրել «պատմական ցիկլի» մեջ։
«Որքան էլ ասեն, թե պետական գաղափարախոսություն չկա, միևնույնն է` այն միշտ եղել է և մինչև վերջերս հիմնված է եղել 2 հիմնական տարրերի վրա` ազգայնականության, որն անմիջականորեն կապված է Արցախի հարցի հետ, և նեոլիբերալ տնտեսության։ Անկախ Հայաստանը կանգնած էր այդ 2 հենասյան վրա, բայց հիմա դրանցից մեկը գոյություն չունի, դրա համար մոտեցումների որոշակի արդիականացում է անհրաժեշտ։ Եթե կարճ` Փաշինյանի ուղերձն այն է, որ ազգայնականությունը վերացնեն` պահպանելով նեոլիբերալիզմը»,– ասաց Հարությունովը։
Նրա խոսքով` Հայաստանը պետք է կողմնորոշվի արտաքին քաղաքականության հայեցակարգի առումով, քանի որ, եթե Երևանն իր պաշտոնական հռետորաբանության մեջ շարունակում է խոսել արցախյան հարցի մասին, ապա դա պետք է ենթադրի որոշակի գործողություններ, այդ թվում` ռազմական պատրաստվածություն։ Ադրբեջանը ցույց է տվել, որ երկրի ներսում կոնսենսուս կա` պատրաստ են կռվել Արցախի համար։ Փորձագետի պնդմամբ` այս պարագայում, Հայաստանից նույնպես որոշակիություն է պահանջվում, որպեսզի պարզ դառնա` բնակչությունը պատերազմի պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Հարությունովը շեշտեց` օբյեկտիվորեն նման հնարավորություններ Հայաստանն այժմ չունի, ու Փաշինյանն էլ, պարբերաբար խոսելով պատմական Հայաստանի և իրական Հայաստանի մասին, հասկացնում է, որ Արցախի հարցը երկրի համար փակ է։
«Այլ հարց է, որ ՀՀ վարչապետը որևէ ռազմավարություն չունի ու այն ամենն ինչ անում է կամ ասում է, իրավիճակային բնույթ է կրում։ Եկեք հիշենք, թե ինչ վառ արտահայտված ազգայնական կոչերով էր Փաշինյանը հանդես գալիս 2020 թվականի պատերազմից առաջ։ Ինչպես հասկանում ենք, պատերազմ հրահրելու պատճառներից մեկն էլ դա էր, այժմ էլ, պարտությունից, Արցախի կորստից հետո, Փաշինյանը խրախուսական բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը «փաթեթավորել» մեկ գաղափարախոսության մեջ»,– հավելեց Հարությունովը։
Փորձագետի խոսքով` այն, որ Հայաստանը Արցախի տարածքի հետ կապված որևէ նկրտում չունի, հիմք չի տալիս մտածելու, որ ՀՀ–ի համար ռազմական վտանգ չկա, կամ տարածաշրջանում կայունություն կլինի։ Այլ կերպ ասած` «իրական Հայաստանը» չի դադարի դիմակայել արտաքին ագրեսիայի սպառնալիքին։
Հարությունովի պնդմամբ` վարչապետն ու իր համախոհները մոլորության մեջ են գցում հասարակությանը` փորձելով համոզել, որ «պատմական Հայաստանից» ու Արցախից հրաժարվելը խաղաղություն կբերի։
Ինչ վերաբերում է «ֆորպոստի» գաղափարին, ապա բանախոսը վստահեցնում է` այստեղ ակնհայտորեն իշխանություններն ակնարկում են Ռուսաստանից կախվածության մասին։ Քաղաքագետի կարծիքով` այս առումով Փաշինյանը ձգտում է այդ հարաբերությունների որոշակի վերանայման, բայց ՀՀ վարչապետի ցանկություններն ու օբյեկտիվ իրականությունը միմյանց չեն համապատասխանում։
«Չեմ կարծում, որ Հայաստանն ունի բավարար ռեսուրսներ իր անվտանգությունն ինքնուրույն ապահովելու համար։ Առաջինը` այսպես թե այնպես, ուժային կենտրոններից որոշակի կախվածություն միշտ կլինի։ Եվ հասկանալի է, որ այդ անվտանգության համար միշտ պետք է ինչ-որ բան զոհաբերել։ Երկրորդ` Փաշինյանի վարած քաղաքականությունն այնքան էլ չի համապատասխանում իր խոսույթին և նրան, ինչ փորձում է ցույց տալ։ Նա խոսում է Հայաստանի մասին, որը չպետք է ֆորպոստ լինի, բայց արդյունքում նրա քաղաքականությունը հանգեցնում է մի հովանավորի փոխարինմանը մյուսով»,- ասաց փորձագետը։
Խոսքի և գործի մեկ այլ անհամապատասխանություն էլ այն է, որ իշխանությունները, հրաժարվելով ազգայնականությունից ու պայքարելով «պատմական Հայաստանի» դեմ, որպես այլընտրանք առաջարկելով սոցիալական բարեկեցություն և անվտանգություն, ոչինչ չեն անում այդ արդյունքին հասնելու համար։ Հարությունովի խոսքով` այսօրվա Հայաստանն ակնհայտորեն այն երկիրը չէ, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ ու լավ կյանքով։ Հայաստանը բախվում է սոցիալական, հոգեբանական, բնապահպանական և մի շարք այլ խնդիրների, իշխանություններն էլ որևէ քայլ չեն անում, որ դրանք լուծեն։ Հարությունովը շեշտեց` ՀՀ ղեկավարության կողմից, այժմյան իրավիճակի կոնսերվացման միտում կա։
«Եթե Փաշինյանը կարողանար սոցիալ–տնտեսական ոլորտում լուրջ ձեռքբերումներ ներկայացնել ժողովրդին, ապա դա գոնե մի փոքր կկոմպենսացներ տարածքային կորուստները, պատերազմում պարտությունը, տարածաշրջանում ազդեցության կորուստը և որևէ հավակնությունից հրաժարվելը։ Բայց նա դա էլ չի կարող ապահովել, և նշաններ չկան, որ վարչապետը տեսնում է, թե ինչպես է դա հնարավոր լուծել»,– ասաց Հարությունովը։
Նա համոզված է, որ այսպես թե այնպես Հայաստանը պետք է պատրաստ լինի ռազմական հակամարտության, քանի որ անկախ պաշտոնական Երևանի գաղափարական մոտեցումներից, միևնույնն է, դրա հավանականությունը պահպանվում է։
Հարությունովը նշեց` իշխանությունը պետք է դադարեցնի հանրությանը կերակրել խաղաղության կեղծ խոստումներով ու հստակ նշի` ներկայիս ՀՀ տարածքն է պաշտպանելու, թե նպատակ ունի Արցախը վերադարձնել։