Պետդեպը ցանկացած ճանապարհով ուզում է հանդիպում կազմակերպել Երևանի և Բաքվի միջև
Անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ՝ պատասխանելով Նյու Յորքում երկու երկրների ներկայացուցիչների նոր հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի: Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ավարտի հարցում, և մենք ձգտում ենք ամեն կերպ աջակցել նրանց, այդ թվում` հանդիպում կազմակերպել, եթե դա օգտակար լինի»,-ասել է Միլլերը։
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին: Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին և ստորագրել խաղաղության պայմանագրի 16 կետերից 13–ը: Բաքուն չաջակցեց այդ նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Հայաստանի կոչերն անընդունելի են։
Sputnik Արմենիա