Մոտ 40 մլն դոլար․ ՌԴ-ն ՄԱԿ-ի ո՞ր ծրագրերն է ֆինանսավորում Հայաստանում

Ռուսաստանը Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք ծրագրեր է ֆինանսավորում՝ շուրջ 40 մլն դոլար ընդհանուր բյուջեով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բազմաթիվ ձևաչափերից մեկը ՄԱԿ-ի գծով համատեղ աշխատանքն է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացվում են ՄԱԿ-ի ծրագրեր, որոնք ուղղված են ինչպես Հայաստանում սոցիալական առանձին խմբերի, այնպես էլ հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գծով Ռուսաստանը ֆինանսավորում է 9,7 դոլար ընդհանուր արժողությամբ նախագծեր:

Այսպես` 2020 թվականի մարտին մեկնարկել է «Աջակցություն ներառական տնտեսական զարգացմանը Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում» ծրագիրը (բյուջեն՝ 2,8 մլն դոլար)։ 2021 թվականի մարտին մեկնարկել է «Հայաստանի գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական վերականգնում և դիմակայունության ամրապնդում» ծրագիրը (բյուջե՝ 1,7 մլն դոլար)։ Նույն թվականի հուլիսին մեկնարկել է «Հետկոնֆլիկտային վաղ վերականգնումն ու կայունությունը Հայաստանում» ծրագիրը (բյուջեն՝ 3,2 մլն դոլար)։

2022 թվականի ապրիլին մեկնարկել է «Հայաստանի մարզերում երիտասարդների զբաղվածության և եկամուտ ստանալու հնարավորությունների ապահովում» ծրագիրը (բյուջեն՝ 2 մլն դոլար)։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ) մանկական հիմնադրամի գծով 2020 թվականի հունվարին սկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված «Հայաստանում հավասար մասնակցության և ներառական զարգացման համար ծառայությունների ոլորտի հզորացում»` 3 մլն դոլար բյուջեով ծրագրի իրականացումը:

Պարենի համաշխարհային ծրագրի գծով 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է «Դպրոցական կայուն սննդի զարգացում» ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ ուսումնական հաստատություններում տաք սննդի տրամադրման մեխանիզմ ստեղծել և աստիճանաբար այն փոխանցել ՀՀ կառավարության հաշվեկշռին: Նախագծի բյուջեն կազմում է ավելի քան 25 մլն դոլար։

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գծով (UNIDO) հաջողությամբ իրականացվում է «Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացումը Հայաստանում՝ արդիականացման և շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով» ծրագիրը: Ծրագրի երրորդ փուլի ֆինանսավորման ծավալը 2020 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարը կազմում է 2,2 մլն դոլար։

Sputnik Արմենիա