Հայաստանի 19 դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի
Հայաստանի մարզերի և Երևանի 19 դպրոցում ֆրանսերենն ավելի խորացված կուսուցանվի։ Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին հուշագրեր ստորագրեցին։
Նախարարը նշեց, որ այսպիսով Հայաստանի դպրոցներում փորձում են զարգացնել և խթանել ֆրանսերենը։
«Այս ծրագիրը, որը շուտով մեկնարկելու է, լիովին համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Հանրակրթության նոր չափորոշիչներով մենք առանձին խնդիր ենք դրել ավելի բարելավելու օտար լեզուների իմացությունը մեր դպրոցներում։ Այս ծրագրի շրջանակում Հայաստանի դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և նյութեր։ Ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ էլ մեծ աշխատանքներ են տարվելու»,– ասաց Անդրեասյանը։
Նա հույս հայտնեց, որ ծրագրի առաջին շահառուները սովորողների հետ միասին կլինեն նաև ուսուցիչները։ Նախարարի խոսքով` կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների և հավելյալ դպրոցներ ընդգրկելու հնարավորությունը։ Անդրեասյանը համոզված է, որ ծրագիրը լայն հետաքրքրություն կառաջացնի, ու հնարավոր կլինի 19 դպրոցից բացի, նոր ուսումնական հաստատություններ նույնպես ներգրավել։
Ֆրանսիայի դեսպանն էլ ընդգծեց` նպատակ ունեն Երևանում և մարզերում զբաղվել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ, լեզուն տարածել ռազմավարական քայլերի միջոցով։
«Ֆրանսիայի կառավարությունն այս նախագծի շրջանակում պատրաստվում է 600 000 եվրո ներդնել, որպեսզի ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացվի։ Այդպիսով մենք կաջակցենք սովորողների բոլոր կարիքները բավարարելու համար»,– նշեց Դըկոնտինյին։
Նրա խոսքով` ծրագրի միջոցով առաջին հերթին աջակցելու են ֆրանսերենի ուսուցիչներին, որոնց հետ արդեն իսկ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքներում և գյուղերում։
Ուսուցիչների համար վերապատրաստումներ կկազմակերպվեն Հայաստանի տարածքում։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամռան ամիսներին օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։ Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։
Sputnik Արմենիա