ԱԷՄԳ ղեկավարը հայտնել է Իրան կատարելիք այցի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ շուտով կայցելի Իրան, որտեղ քաղաքական և տեխնիկական բանակցություններ կվարի։
«Մենք Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ համաձայնել ենք, որ կարևոր է շարունակել մեր փոխգործակցությունը։ Ես շուտով կայցելեմ Թեհրան, որտեղ տեղի կունենան քաղաքական և տեխնիկական հանդիպումներ»,- գրել է Գրոսին X-ում։
Հունիսին ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը ընդունեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որում Թեհրանը քննադատվում է իբր ԱԷՄԳ-ի հետ անբավարար համագործակցության համար։
Սեպտեմբերին Գրոսին հայտնել է, որ Իրանը մինչ այժմ չի բացատրել ուրանի հետքերի ծագումն իր օբյեկտներում։ Նրա խոսքով՝ գործակալությունը դեռ չունի բավականաչափ տեղեկություն, որպեսզի պարզի, թե արդյոք Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։
News.am