Նաթան արքեպիսկոպոս․ Եկեղեցին որևէ մեկի առաջ ծնկի չի իջնի, բացի Աստծուց

Հայ առաքելական եկեղեցին որևէ մեկի առաջ ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի` բացի Աստծուց։ Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր աթոռի հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

2021 թ. Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։

Ի պատասխան Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը մեջբերեց երջանկահիշատակ Վազգեն 1–ինի խոսքերը. «Եթե Աստծո առաջ չես խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առաջ, ընտրությունը ձերն է»։

Նրա խոսքով` եկեղեցու հոգևոր հայրերն ընտրել են Աստծո առաջ խոնարհվելը։

«Մեզ ծնկի բերելու հարցը միշտ էլ եղել է դարերով. մենք մեր պատմական հիշողությունը չենք կորցրել։ Առաքելական մեր եկեղեցին մեր ազգի հետ կամ ազգը եկեղեցու մշտապես միշտ հարություն է առնում, և որևէ մեկի առաջ ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի` բացի Աստծուց։ Թող մտահոգվեն նրանք, որոնք Աստծո առաջ չեն խոնարհվում և ծնկի գալիս»,– ընդգծեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ներկա իշխանությունների հետ եկեղեցու հարաբերություններին, ապա նա նշեց, որ ոչինչ հենց այնպես, միանգամից չի եղել. 2018 թվականի հեղափոխության ծրագրի խոցելի տեղերից մեկն էլ եղել է ընդդեմ եկեղեցու քայլերը։

«Եթե հիշենք պատմության էջերը, ապա կտեսնենք, որ բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, քանի որ վախ են ունեցել եկեղեցու հետ կիսելու իրենց իշխանություն կոչվածը։ Մինչդեռ նրանք չեն հասկանում, որ եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբևէ չենք էլ ձգտել»,– նշեց նա։

Նաթան արքեպիսկոպոսի խոսքով` սխալ է այն կարծիքը, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. քաղաքականությունն ու քաղաքացիական դիրքորոշումը և իրավունքը բարակ մի սահման ունեն, որը շատ անգամ անտեսանելի է։

«Ինչո՞վ են դրանք տարբերվում. եթե մեկը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նրա վերջնական նպատակը իշխանություն ունենալն է։ Եկեղեցին հարցերին անդրադառնում է քաղաքացիական պարտականության և կեցվածքի շնորհիվ, որը չի ենթադրում, որ եկեղեցին հավակնություն ունի իշխանություն ձեռքբերելու։ Դա ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, ու իրենք իրենց մեջ պարանոիդալ վախեր ունեն»,– ասաց նա։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև առկա տարաձայնությունների մասին սկսեցին խոսել 2018 թվականից` նրա իշխանության գալուց անմիջապես հետո: Այս ընթացքում անգամ քաղաքացիական շարժում սկսվեց Գարեգին 2–րդի դեմ։ 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո հարաբերություններն ավելի սրվեցին, երբ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Sputnik Արմենիա