Բաքուն համաձայն չէ Երևանի առաջարկությանը՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը ներկա տեսքով

Բաքուն համաձայն չէ Երևանի առաջարկությանը՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը ներկա տեսքով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն Report-ի հարցազրույցում։

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավորապես իրականացվում է առաջարկությունների փոխանակում համաձայնագրի նախագծի շուրջ, յուրաքանչյուր կողմ տալիս է իր մեկնաբանությունները։ Մինչ այժմ կազմակերպվել է նման 10 փոխանակում։ Վերջին անգամ հայկական կողմը մեկնաբանություններ ուղարկել է օգոստոսի վերջին, այն բանից մոտ 70 օր հետո, երբ ադրբեջանական կողմը հանձնել է իր մեկնաբանությունները։ Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթներին հայ պաշտոնատար անձինք խաղաղության պայմանագրի հարցում սահմանափակվում են հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղության գործընթացի իրողությունները։

Հայկական կողմն առաջարկում է խաղաղության համաձայնագիրն ստորագրել ներկա պահին համաձայնեցված դրույթների հիման վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումը համարում է անընդունելի և քանիցս այդ մասին հայտնել է։ Կա այսպիսի կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ համաձայնեցված չեն դրա բոլոր կետերը։ Նախագծի շուրջ բանակցությունները վարվում են դռնփակ, և մանրամասները չեն բացահայտվում լայն հանրությանը։ Կարելի է միայն ասել, որ ներկա պահին համաձայնեցված է դրույթների մոտ 80 տոկոսը։ Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը։ Որպեսզի խաղաղության համաձայնագիրը կայուն և հաջող լինի, անհրաժեշտ է պարզաբանել խնդրահարույց հարցերը»,- ասել է Հաջիզադեն։

Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հերթական անգամ հնչեցրել է հավակնություններ ՀՀ օրենսդրության հանդեպ. «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագծի ստորագրման համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ մտցնի իր Սահմանադրությունում, որում ներկայում պահպանվում են տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Քանի դեռ Հայաստանը չի հանել այդ պահանջներն իր օրենսդրական ակտերից, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»։

Հարցին, թե հնարավոր է արդյոք ԱԳՆ ղեկավարների հանդիպում, ադրբեջանցի պաշտոնյան պատասխանել է, որ ներկայում կոնկրետ որոշում չկա հաջորդ հանդիպման տեղի և ժամանակի մասին։ «Մենք կարող ենք միայն ասել, որ Ադրբեջանը բանակցությունների շարունակման շահագրգռված կողմ է մնում»,- հավաստիացրել է Հաջիզադեն։

News.am