Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել

Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հիմնանորոգվող Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց տաճարի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։

«Մայր տաճարի խաչը, որ տեղադրվել էր 17–րդ դարում, լատունի բարակ թիթեղներից էր և գտնվում էր խիստ քայքայված, արդեն գոյությունը չպաշտպանող վիճակում։ Այդ առումով ինքներդ կարող եք համոզվել` այցելելով տաճարի թանգարան, որտեղ հիմա պահպանվում է խաչն այն վիճակում, ինչպիսին եղել էր։ Տեղադրված նոր բրոնզաձույլ խաչը ճիշտ կրկնօրինակը չէ, սակայն ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,– նշեց Բադիշյանը։

Նրա խոսքով` Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։

Ճարտարապետի խոսքով` մասնագետների պակաս ՀՀ–ում չեն ունեցել, ներառել են հանրապետության առաջատար բոլոր մասնագետներին` սեյսմիկ մասնագետներ, կոնստրուկտոր–ճարտարագետներ, ճարտարապետներ, նյութաբաններ և այլն։

Ըստ նրա` տաճարի առանձին հատվածներ ուղղակի վթարային վիճակում են գտնվել, որոնք առաջին հայացքից տեսանելի չէին։ Բադաշյանը նշեց, որ Գարեգին կաթողիկոսը մշտապես հետևել է հիմնանորոգման աշխատանքներին։

«Ես երանելի եմ տալիս այն օրվան, որ մարդիկ ու մասնագետները այցելելն տաճար ու ասեն` ոչինչ էլ չի արվել, որովհետև ոչինչ չի փոխվել տաճարի որևէ հանգույցում։ Ուղղակի ամրակայել ենք, ողնաշարը բուժել»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է երկրաշարժերին ու կառույցի դիմակայունությանը, ապա ճարտարապետի խոսքով` Մայր տաճարը հավերժ է, թեև միջնադարյան բոլոր կառույցները այսօրվա սեյսմիկ պահանջներին չեն համապատասխանում։

Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։

News.am