Կոբախիձե․ Սաակաշվիլու ռեժիմը Հարավային Օսեթիայի հետ պատերազմը սկսել է արտաքին ճնշման ներքո

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ռեժիմը 2008 թվականին Հարավային Օսեթիայի հետ պատերազմը սկսել էր արտաքին ուժերի ճնշման ներքո։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «պատերազմը հրահրողները կդատապարտվեն», և Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրելու օսերից 2008 թվականի ռազմական հակամարտության համար, որը հրահրել էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։

«Պարոն Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ վրացիները պետք է ներողություն խնդրեն օսերից Սաակաշվիլու ռեժիմի հրահրած պատերազմի համար։ Այն, որ պատերազմը սկսել է Սաակաշվիլու ռեժիմը, ամբողջ թիմը մեկ ամսից ավելի է, ինչ հայտարարում է, և այդ տեսանկյունից Իվանիշվիլին որևէ նոր բան չի ասել։ Բացի այդ, մեկ ամսից ավելի է` արմատական ընդդիմության ներկայացուցիչները լռում են թեմայի վերաբերյալ», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով` Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր է երկու եղանակով` պատերազմի և հաշտեցման։

«Արմատական ընդդիմությանը զայրացրել էր ոչ թե պատերազմի մեկնարկի թեման, այլ փոխադարձաբար իրար ներելու և հաշտվելու, քանի որ դա հակասում է բուն նպատակին», – հավելել է վարչապետը։

Հիշեցնենք` 2008 թվականի օգոստոսի 8-ին Վրաստանը «Գրադ» համազարկային կրակի կայանքից հրթիռակոծեց Հարավային Օսեթիան։ Վրաստանի զորքերը հարձակվեցին հանրապետության վրա և ավերեցին մայրաքաղաք Ցխինվալը։ Ռուսաստանը, ի պաշտպանություն Հարավային Օսեթիայի բնակիչների, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիություն էին ընդունել, զորք մտցրեց հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողություններից հետո այնտեղից վտարեց վրացի զինվորականներին։ Նույն թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի և մեկ այլ նախկին վրացական ինքնավարության ՝ Աբխազիայի ինքնիշխանությունը։

Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ փաստն արտացոլում է առկա իրողություններն ու վերանայման ենթակա չէ։ Թբիլիսին չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը` այդ տարածքները համարելով Վրաստանի մաս։

Sputnik Արմենիա