Էսօր-վաղն են անում. անկած խոզերի համար կամարիսցիները 7 ամիս է` փոխհատուցում չեն ստացել

Այս տարվա սկզբին անկած խոզերի համար գյուղացիները մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի ֆերմերները։

Փետրվարին Կամարիսի գյուղացիները ահազանգել էին, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկում են, իսկ պատկան մարմինները համապատասխան գործողություն չեն ձեռնարկում։

«Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնից եկել են, արձանագրել են, տարել–թաղել են խոզերին։ Անկման պատճառն անգամ չեն հաստատել։ Էկոնոմիկայի նախարարությունից ասացին, որ կփոխհատուցեն մեր կրած վնասը։ Սկզբում ասում էին` վնասի 75 %-ը կփոխհատուցեն, հետո ասացին, որ 55 %–ն են փոխհատուցելու։ Ամեն շաբաթ էսօր–վաղն են անում։ Մենք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆերմեր Արարատ Դանիելյանը, որը 137 գլուխ խոզ է կորցրել։

Գյուղացիները խոզաբուծությամբ զբաղվելու համար վարկեր են վերցրել, բայց այժմ հնարավորություն չունեն դրանք մարելու։ Խոզերի անկումից հետո նրանց խոստացել են, որ վարկերը կսառեցնեն, բայց ոչինչ չի արվել։

«Անձամբ ես 7 ամիս է` այս ու այն կողմից գումար էի հայթայթում, վարկ մուծում, բայց այս ամսվա 10–ին արդեն իսկ 700.000 դրամ չեմ մուծել, ուշացում են տվել։ Այսօր ևս վարկի օր է, 240 .000 դրամ պետք է մուծեի, դա էլ չեմ մուծել»,–պատմեց Դանիելյանը։

Ասում է` 14 մլն դրամ վարկ է վերցրել, 7 մլն դրամը մարել է, հիմա արդեն սև ցուցակ է ընկնել, որովհետև նախարարությունն իր խոստումը չի կատարում։

Մեկ այլ ֆերմեր էլ` Պետրոս Կարախանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ 4 ամիս առաջ իրեն էկոնոմիկայի նախարարությունից ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է փոխհատուցման չափը, բայց արդյունքը չեն տեսնում։

ՍԱՏՄ–ն Կարախանյանի անասնագոմում 35 գլուխ անկած խոզ է հայտնաբերել ու փորձաքննության համար նմուշ վերցրել։ Խոստացել են` երբ լաբորատոր փորձաքննության արդյունքները լինեն, գյուղացուն կտեղեկացնեն, սակայն մինչ օրս ո՛չ զանգել են, ո՛չ տեղեկացրել թե խոզերն ինչից են անկել։

«Երբ զանգում, հետաքրքրվում ենք, ասում են` դեռ անալիզների պատասխանը չի եկել։ Ոչ մեկը մեր հարցով չի զբաղվում, ոչ էլ աջակցություն են ուզում ցույց տալ։ Բայց չէ՞ որ դա մեր ապրուստի միակ միջոցն է եղել։ Ես ՌԴ–ում աշխատել եմ, եկել եմ իմ գյուղ, 0–ից տնտեսություն եմ դրել, գոմ սարքել, 35 գլուխ խոզ պահել և արդեն եկել էր ժամանակը, որ պետք է գլխաքանակն ավելացնեի` նման խնդրի առաջ կանգնեցի»,–ասաց նա։

Կարախանյանը նորից արտագնա աշխատանքի է մեկնել, որ կարողանա կուտակված պատքերն ու վարկերը փակել։

Նրա խոսքով` այս պահի դրությամբ փոխհատուցման մասին խոսք անգամ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունից նույնիսկ իրենց զանգերին չեն պատասխանում, իսկ եթե անգամ ինչ–որ մեկը վերցնում է հեռախոսը` «իրար վրա են գցում» հարցի պատասխանը։

Մյուս ֆերմերը` Վարուժան Ներսիսյանը հիշեցրեց, որ դեպքից հետո Էկոնոմիկայի նախարարությունից եկել են համայնքապետարան, ժողով արել, բայց իրենց կորուստները «կիսատ–պռատ» են արձանագրել։

«Ես 60 գլուխ անասուն եմ կորցրել։ 30 գլուխը կորցրել եմ մյուսների անկումից մոտ 5-10 օր շուտ։ 10 գլուխ մայրացու է եղել, 1 վարազ, մեկ էլ 5-6 ամսական խոճկորներ։ Դրանք չեն արձանագրել, քանի որ ահագին մեծ գումար է կազմում։ Երբ որ ՍԱՏՄ–ին դիմեցի ու հարցրի` ինչի այդ 30 անկած խոզերին չեք գրանցում ձեզ մոտ, ասացին` մենք չենք տեսել, չենք կարող գրանցել։ Բայց չէ՞ որ մեր գյուղի անասնաբուժը հետս է եղել։ Ինձ չեն հավատում` թող իր ասածը հիմք ընդունեին։ Անգամ գյուղապետարանն է պեչատով հաստատել, որ ես 60 գլուխ խոզ եմ ունեցել, որոնք անկել են, ու 30–ին իմ ուժերով եմ թաղել»,–ասաց Ներսիսյանը։

Նա պնդեց, որ հերիք չէ` 60–ի փոխարեն 30 գլուխ են գրել, 30 գլուխն էլ խոճկոր են ներկայացրել և հատը 35.000 դրամ գնահատել։

«Մենք գոճին ենք 35.000 դրամ վաճառում, իսկ խոճկորը` 50.000-70.000 դրամ։ Սթրեսից, ապրումներից ինֆարկտ եմ տարել, մի ստենդ են դրել , 2–ն էլ պետք է դնեն, բայց գումար չունեմ։ Խոզերիս պահում էի, որ քաղցկեղով հիվանդ աղջկաս վիրահատության ծախսերը հոգայի։ Հիմա ամեն ինչ վարկով եմ արել ու սև ցուցակում եմ»,–ասաց նա։

Գյուղացիներն առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիաներ անել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարության շենքերի մոտ։ Նրանք հույս ունեն, որ փոխհատուցումը որոշ չափով կմեղմի իրենց կրած վնասը։