ՍՓՅՈՒՌՔ, ԵՐԵՍ ՄԻ՛ ԹԵՔԻՐ, ՀԵՆՑ ԴԱ ԵՆ ՓԱՓԱԳՈՒՄ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների Ղարաբաղ վերադարձի հարցը մնա միջազգային օրակարգում:
«Այնպես չէ, որ այդ հարցը օրակարգում չկա, բայց հաշվի առնելով ՀՀ իշխանության ծանոթ կեցվածքը՝ կարող է այդ օրակարգից դուրս մնալ»,- ասաց Մանոյանը՝ նշելով, որ ՀՀ գործող իշխանություններից դժգոհությունը Սփյուռքում շատ է աճել. «Նույնիսկ նրանք, որոնք վեց տարի առաջ այս փոփոխություններից գոհ էին, ունեին ինչ-որ ակնկալիքներ, հիմա նրանցից շատերն արդեն հասկացել են՝ խաբկանք էր, այս իշխանությունները եկել են առաքելությամբ, հստակ ծրագրով և այն քայլ առ քայլ կատարում են։ Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն, ինչ-որ իմաստով նաև՝ Հայաստանից երեսթեքում»։
Ոչինչ, որ կա դժգոհություն, հիասթափություն, նույնիսկ վրդովմունք. նման հուզական ներկապնակը մատնանշում է անձնավորում, առանձին մարդկանց որոնք տվյալ պահին առանցքային դիրքեր են զբաղեցնում պետության ղեկավարման մեջ: Իսկ այ Մանոյանի այն արտահայտությունը, որ «ինչ-որ իմաստով կա նաև երեսթեքում Հայաստանից», ծայրաստիճան լուրջ ախտանշան է։ Եթե ժամանակի ընթացքում դա անդառնալիության բնույթ ստանա, ապա մենք պարզապես կկորցնենք Սփյուռքը։ Դա հենց այն է, ինչի մասին երազում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ոչ միայն երազում է, այլև համառորեն, տարիներ շարունակ (իսկ վերջին 6 տարիներին՝ բավական հաջող) աշխատում է այն ուղղությամբ, որ Սփյուռքի տարանջատումը մայր Հայաստանից կայանա: Ընդ որում թուրքերն իրենց ծրագրերը չեն թաքցնում։ Եվ դրանց իրականացման առաջին քայլը ՀՀ Սփյուռքի նախարարության հապճեպ լուծարումն էր։
Հիշենք, թե ինչպես «սիրո և համերաշխության հեղափոխությունից» անմիջապես հետո երկրի ղեկին տիրացած թավշե իշխանությունն առաջին հերթին լուծարեց Սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանով (Գլենդեյլի նախկին քաղաքապետ և ԼԳԲՏ համայնքի իրավունքների հայտնի պաշտպան)։ Ի՞նչ նվաճումներով է աչքի ընկել Սինանյանը պաշտոնավարման ողջ ընթացքում: Բացի իր կարծիքով «անվտանգ» էթնոսների ներգրավման հաշվին Հայաստանում ժողովրդագրական հեղափոխություն կազմակերպելու «հանճարեղ» գաղափարից և 44-օրյա պատերազմի թեժ պահին «Մենք դաշնակիցներ չունենք, մեր միակ դաշնակիցը մեր Սփյուռքն է» սադրիչ հայտարարությունից՝ ուրիշ ի՞նչ է արել Սինանյանն ու նրա գլխավորած գրասենյակը աշխարհի տարբեր երկրներում ապրող, ամենահամեստ հաշվարկներով՝ շուրջ 7-8 միլիոն հայ հաշվարկող Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու համար։
Ձախողմամբ ավարտվեցին նաև փաշինյանական իշխանության ոգեշնչված ծանուցումները ուր-որ է սկսվելիք զանգվածային հայրենադարձության մասին։ Իրականում «թավշե» դրածոներն օգտագործում էին Սփյուռքի գործոնը, երբ դա ձեռնտու էր իրենց, իսկ այնուհետ՝ բարեհաջող կերպով մոռանում այդ մասին։ «Սիրո և համերաշխության հեղափոխության» մեկնարկին նրանք ասում էին մի բան, դրանից հետո՝ այլ բան, 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ երրորդը, իսկ իշխանության ղեկն ամուր ճանկելուց հետո՝ վերոնշյալ փուլերից յուրաքանչյուրում հայտարարածի ճիշտ հակառակը։
Սկզբում նոր իշխանության շուրթերով խոսվում էր, ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու մասին, որի պալատներից մեկում նստելու են բացառապես Սփյուռքի ներկայացուցիչները։ 2018-ի դեկտեմբերի ընտրություններից առաջ հայտարարվում էր, թե հայրենադարձության գործընթացի անհապաղ մեկնարկի միակ խոչընդոտը արտերկրում մեր հայրենակիցներին մտահոգող քաղաքական և տնտեսական անկայունության գործոնն է Հայաստանում, որը կապված է բացառապես անհապաղ ընտրությունների նրանց պահանջի հետ:
Ընտրություններից հետո պարզվեց, որ երկպալատ խորհրդարան չի լինելու, իսկ հայրենադարձության առումով պետք է արգելակել, իբր՝ դեռ ժամանակը չէ։ Եվ այդպես շարունակվեց անդադար. Սփյուռքին օգտագործում էին ու դեն նետում, երբ նրա անհրաժեշտությունը սպառվում էր: Պարզ է, որ դա բնավ չէր նպաստում Սփյուռքի հետ մերձեցմանը նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չկար պատերազմը, Արցախի կորուստը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի բռնազավթումը, Հայաստանի ղեկավարության միակողմանի զիջումները, անիմաստ ռևերանսները Էրդողանի ու Ալիևի առջև, հրաժարումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խթանումից և այլն։ Վերջին 6 տարիների ընթացքում ջրբաժանն անշեղորեն խորանում էր։
Իսկ դա հենց այն է, ինչը վաղուց են փափագում Բաքվում և Անկարայում. բացառել հայկական ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգից Սփյուռքի հարցը, իրենց կոկորդին կանգնած այդպիսի ոսկորը, որը խանգարում է ամենն ու ամենքին հանձնելու ապազգային քաղաքականության իրականացմանը։
Դեռևս 2021 թվականին Trend լրատվական գործակալության միջազգային նախագծերի տնօրինության ղեկավար ոմն Ռուֆիզ Հաֆիզօղլուն հրապարակեց «Երևանի ընտրությունը. թուրքական «քաղցրաբլիթի» և սփյուռքի «մտրակի» միջև» վերնագրով ցուցանշական հոդված, որում գրել էր. «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտել են մի քանի պատճառներ, որոնց թվում են 1915թ. իրադարձությունների հետ կապված հարցը (որը հայերն անվանում են «հայերի ցեղասպանություն») և Ադրբեջանի տարածքների օկուպացիան: Դրա հետ մեկտեղ՝ այս հարցում ոչ պակաս կարևոր «դեր» է խաղում նաև հայկական սփյուռքը, որը շահարկում է այսպես կոչված «հայերի ցեղասպանությունը»։
Եվ այնուհետ, թվարկելով հայերին հրամցվող թուրքական «քաղցրաբլիթների» ողջ հավաքածուն, Հաֆիզօղլուն հարց է տալիս «...կկարողանա՞ արդյոք Հայաստանը Թուրքիայի հետ մերձեցման խորապատկերին դուրս պրծնել հայկական սփյուռքի «գրկից», կկարողանա՞ արդյոք հրաժարվել մտացածին «ցեղասպանությանը» վերաբերող իր պահանջներից»։ Եվ պնդում է, թե «որքան ավելի շուտ Երևանը դուրս պրծնի հայկական սփյուռքի «գրկից», այնքան ավելի լավ Հայաստանի և նրա քաղաքացիների համար»։
Հայաստանը Սփյուռքից պոկելը, պառակտում մտցնելը՝ իրագործելով «մասնատիր և տիրիր» բանաձևը, Թուրքիայի համար ոչ պակաս կարևոր խնդիր է, քան Ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից Հայաստանին պետական մակարդակով հրաժարվել ստիպելու ձգտումը։ Եվ թուրքերն այդ ուղղությամբ ջանադրաբար աշխատել ու աշխատում են տարիներ շարունակ։ Մենք բազմիցս համոզվել ենք, որ Հայոց աշխարհի անվտանգությունն ու ուժը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ապահովումն է։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելուց հետո եռամիասնությունն արդեն իսկ խաթարվեց։ Եթե անհավասարակշռությանը գումարվի մեր գոյաբանական թշնամիների մեկ այլ ռազմավարական նպատակի իրագործումը՝ Հայաստանի զատումը Սփյուռքից, ապա «ՀՀ-ն ոչ հայկական պետություն դարձնելու» գործընթացը, որի մասին խոսում է Մանոյանը, կընթանա աղետալի արագ տեմպերով և կավարտվի ամենատեսանելի ապագայում։
Սփյուռքի մեր հայրենակիցների և համայնքային կառույցների խնդիրն այսօր կատարվող ամենից իրենց դժգոհության, հիասթափության, գուցե նաև վհատմունքի հույզերը խոր թաքցնելն է և համակարգված ներգրավվելը հայոց պետականության, նրա հիմքի ու առանցքի՝ Հայաստանի պահպանման գործում։ Դուք չեք կարող երես թեքել հայրենիքից, եթե հիասթափվել եք Փաշինյանից ու իր քաղաքականությունից։ Քանզի դա կնշանակի հավասարության նշան դնել հիմնականի և անցողիկի, գլոբալի ու չնչինի միջև։