Քաղտեխնոլոգ. Ալիևը ռուսներին է վերագրում Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ձգտումը

Ալիևի հայտարարությունը, թե ինքը հետաձգում է Հայաստանով միջանցքի հարցը, բլեֆ է: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Ըստ իս՝ պայմանավորվածություններ են եղել, և Ալիևը Հայաստանի տարածքով անցնող միջանցքի հարցը գցել է ռուսների գրպանը։ Ադրբեջանը հարցը տեղափոխել է բոլորովին այլ դաշտ, որտեղ Հայաստանը դարձյալ կարող է ինչ-որ բան կորցնել»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հռետորաբանության փոփոխությունը կապված է իրենց մտավախությունների հետ, ինչի պատճառով էլ համաձայնել են մեկնել Կազան։

«Բայց նրանց (Հայաստանի իշխանությունների) վախերը այսքանով չեն ավարտվել: Հիմա էլ այդ վախերը գալիս են Արևմուտքից, որտեղ հազար ու մի բան են խոստացել: Հայաստանում իրավիճակը, ցավոք, վաղուց կախված է արտաքին խաղացողներից։ Հայաստանն այնքան ինքնիշխան է, որ ինքնուրույն այլ բան չի կարող անել»,- հավելել է փորձագետը։