Յարոսլավ ԶԱԲԱՎՍԿԻ․ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք անգամ չենք էլ հասցրել հասկանալ այն ազդեցությունը, որը UWC Դիլիջան միջազգային դպրոցն ունենալու է։ Մենք տեսնում ենք սառցաբեկորի գագաթի միայն մի փոքր մասը՝ այն ուսանողների միջոցով, որոնք նոր-նոր են ավարտում համալսարանները։ Սակայն, համոզված եմ, որ այս դպրոցի թողած ժառանգությունն ու նրա առաքելությունը, հիրավի, շատ բաներ են փոխելու Հայաստանում և նրա սահմաններից դուրս»,- UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադրման 10-ամյակի առիթով News.am-ի հետ զրույցում նշեց UWC Դիլիջան միջազգային դպրոցի արվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին:

 

Նրա կարծիքով՝ դպրոցը շատ շերտեր ունի Հայաստանի վրա ազդեցության թողնելու առումով։ «Մենք ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններից մարդիկ՝ ուսանողները, նրանց ծնողները, նրանց ընտանիքները, որոնք գիտեն ու սկսում են ճանաչել Հայաստանը։ Շատերն առաջին անգամ են Հայաստան այցելում։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես է զարգացել Դիլիջանն այս ութ տարիների ընթացքում։ Երբ ես նոր էի միացել դպրոցին, Դիլիջանում, թերևս, երեք ռեստորան լիներ, հիմա, հավանաբար՝ 23։ Խանութները շատ-շատ փոքր էին, չգիտեիր, թե որտեղից կարող ես որոշակի ապրանքներ գնել, իսկ հիմա այստեղ ամեն ինչ կա»,-պատմեց Զաբավսկին, որն արդեն ութ տարի է՝ ապրում է Հայաստանում և Հայաստանն իր կյանքի կարևոր մասն է համարում:

«Երբ այս ուսանողները գնան այստեղից՝ համալսարաններում և քոլեջներում սովորելու, և հետագայում կարիերա անելու, մասնագիտական գործունեություն ծավալելու շատ տարբեր ոլորտներում, նրանք մշտապես հիշելու են, որ իրենց կրթության կարևոր քայլն արել են Հայաստանում։ Նրանք կհիշեն, թե ինչպես են սովորել իրենց առաջին հայերեն բառերը, ինչպես են գնացել Սարյանի նկարները տեսնելու։ Հուսով եմ, որ սա կմնա նրանց հետ, և որքան շատ մարդ սովորի ու ավարտի այս դպրոցը, այդքան մեծ ու ակնհայտ կլինի ազդեցությունն ամբողջ աշխարհում: Այսպիսով, կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այս պահին, սերմեր ցանելն է և, իհարկե, մեզ ժամանակ է պետք տեսնելու՝ թե ինչպես են դրանք աճելու»,-նշեց նա:

«Որքան շատ մարդ իմանա Հայաստանի ու հայկական մշակույթի, Հայոց պատմության, Հայոց ցեղասպանության մասին, հայ ժողովրդի լուսավոր ու ուրախ ժամանակների, պոեզիայի, արվեստի, կերպարվեստի և երաժշտության մասին, այնքան շատ մարդ Հայաստանը կպահի իր մտքում, իր սրտում և որոշումներ կայացնելու ժամանակ՝ նաև տնտեսական և քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու տեսանկյունից: Սա շատ կարևոր է, և այն հետագայում հսկայական ազդեցություն է թողնելու աշխարհի վրա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Խոսելով կրթության ոլորտում դպրոցի հիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրման մասին, մեր զրուցակիցը նկատեց, որ կրթությունը, ուսումնառությունն ու գիտելիքը կենսական նշանակությունն ունեն նրանց բոլոր նախագծերում:

«Եթե ուշադիր նայենք Ռուբեն Վարդանյանի նախագծերին՝ այս դպրոցին, Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» դպրոցին և այլ նախագծերի, ապա ակնհայտ է դառնում, որ կրթությունը, ուսումնառությունն ու գիտելիքը, համայնքը, որտեղ այս կրթությունն ու գիտելիքը կյանքի են կոչվում, այդ բոլոր նախագծերում կենսական նշանակություն ունեն։ Ուստի, իմ կարծիքով, ոչ միայն Դիլիջանում, ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր, որտեղ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնություններ են ունենում, կրթությունն ու ուսումնառությունն առաջին տեղում են, դրանք ահռելի դերակատարում ունեն»։

News.am