Փաշինյան․ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության և հետագա գոյության համար

ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: Այս մասին այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շատ է քննարկվում հարցը, թե արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:

«Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը համոզված է, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։

«Կա արտահայտություն ավիացիայի մեջ՝ точка невозврата (անդառնալիության կետ), եթե մենք արդեն չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը: Պիտի անկեղծ ասեմ՝ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ պատճառ ու առիթ չի ունենա»,- հավելեց նա:

Նովոստի-Արմենիա