«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
Հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը Ռուսաստանի դեմ քարոզչություն է անվանել ՀՀ քննչական կոմիտեի` Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդագրությունը։
ՔԿ հաղորդագրությունում նշվել է, թե իբր այդ ամենը նախապատրաստվել է այդ ստորաբաժանման կողմից։
Ինչպես իր մեկնաբանությունում հայտարարել է Հայկ Գասպարյանը, «ԱրԲատ» գումարտակն է ընտրվել մեղադրանքների համար, քանի որ Ուկրաինայում ևս ձևավորվել է իբր հայկական գումարտակ` «Nemesis Group»–ը։ Այն ստեղծվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել ՌԴ–ում «ԱրԲատ» գումարտակի ստեղծման մասին (այն իրականում վաղուց կար, բայց պաշտոնապես հայտարարվեց միայն 2023 թվականի հունիսին)։
«ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել երկրի քաղաքական կյանքում իրենց ինչ–որ անհաջողություններից։ Նրանք ընտրել են մի ուղղություն, որը երկիրը տանում է դեպի կործանում։ Նրանք փորձում են գտնել ծայրահեղականների, ինչպես դա անում են Ռուսաստանին Ղարաբաղը հանձնելու մեջ մեղադրելիս։ Պարզապես պետք է ինչ–որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»,– նշել է հրամանատարը։
Նրա խոսքով` ստորաբաժանման ներկայությունը Հայաստանում հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե հայ ժողովուրդն արտաքին թշնամու դեմ պայքարելու համար օգնություն խնդրի։ Գասպարյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական կյանքը չի հետաքրքրում «ԱրԲատ» գումարտակին։
«Մենք առհասարակ երբեք չեն մեկնաբանել ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ոչ ՀՀ վարչապետին, ո՛չ էլ որևէ այլ մեկին, ով կապ ունի հայկական քաղաքականության հետ։ Մենք զինվորականներ ենք, քաղաքական գործիչներ չենք։ Մենք պայքարում ենք այն պետության հետաքրքրություններից ելնելով, որտեղ մենք ապրում ենք»,– հավելել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ։ Դրա շրջանակում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3-ը կալանավորվել են։
Ըստ ՔԿ–ի` այդ խումբը մի շարք անձանց է հավաքագրել, որպեսզի եռամսյա վճարովի հավաքներ անցնեն Դոնի Ռոստով քաղաքում, այդ թվում` «ԱրԲատ» բազայում։ Ավելի ուշ պարզվել է, որ խմբի կազմակերպիչների նպատակը ոչ թե սահմանների պաշտպանությունն է, այլ Հայաստանում իշխանության զավթումը։ Հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել հեղաշրջմանը և վերադարձել է Հայաստան։
Sputnik Արմենիա