Ուկրաինան ռմբակոծել է Ռուսաստանի խոշոր հրթիռային պահեստներից մեկը

Սեպտեմբերի 18-ի գիշերը Ուկրաինան ռմբակոծել է առնվազն հինգ ռուսական շրջան, ոչնչացրել խոշոր ռազմական պահեստներ, որտեղ պահվում էին հրթիռներ, այդ թվում նորագույն, գրել է The Moscow Times-ը։

Տվերի մարզում, Տորոպցի քաղաքում պահեստներին հասցված հարվածից կոտրվել են տների պատուհաններն ու դռները։

Մարզի կառավարությունը տեղեկացրել է անօդաչուի բեկորների անկման և ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ «իրավիճակը վերահսկվում է»։ Բայց ակնհայտ է, որ այդպես չէ, գրում են z-թղթակիցները։

«Պայթյունները պահեստներում այնքան հզոր էին, որ դրանք գրանցել են երկրաշարժերի մոնիթորինգի համակարգերը», գրել է «Ռիբարը»։ Volcanodiscovery-ի տվյալներով՝ առաջին ցնցումները եղել են 2,8 մագնիտուդի, իսկ հաջորդները՝ 2 բալից ավելի։

Տորոպցիի պահեստը 13 զինանոցներից մեկն էր, որոնք ՊՆ-ն կառուցել է 2012թ. համալիր ծրագրի շրջանակում, հրթիռներ պահելու համար։

Զինանոցը «թույլ է տալիս թաքցնել հրթիները և զինամթերքները արտաքին ազդեցությունից և ապահովել դրանց անվտանգությունը պայթյուններից և հրդեհներից»,- 2018թ. դրա բացման ժամանակ հավաստիացրել է այն ժամանակվա պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։

Զինամթերքների պահեստում պահվում էին «Град», С-300, С-400 հրթիռներ, «Իսկանդերներ», ինչպես նաև հյուսիսկորեական KN23-ներ, տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Կովալենկոն։

NV-ի աղբյուրը տեղեկացրել է, որ ոչնչացվել են «Իսկանդերներ», «Точка-У» համալիրներ։ Գործել է ավելի քան 100 դրոն, նշել է աղբյուրը։

Պայթյունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է մոտ 20 մարդ, գրել է Baza-ն։ Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյան որոշել է մասնակի տարհանել բնակչությանը։ Ինչպես գրել է Mash-ը, 7,5 հազար մարդ տարհանվել է Արևմտյան Դվինա։

Վերջին անգամ Տվերի մարզը գրոհել էին սեպտեմբերի 1-ին։ Ջերմակայաններում դրոնների հարվածներից հետո հրդեհ էր սկսվել։ Ոչ ոք չէր տուժել։

ՌԴ ՊՆ ամփոփագրում Տվերի մարզում խփված անօդաչուների մասին չի տեղեկացվում։ Ռազմական գերատեսչությունը հայտնել է ուկրաինակամ 54 դրոնների ոչնչացման մասին։ Դրանցից 24-ը խփվել է Կուրսկի մարզում, 16-ը՝ Բրյանսկում, յոթը՝ Սմոլենսկում, երեքը՝ Բելգորոդում և մեկը՝ Օրյոլում։

News.am