Արթուր Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ակումբը և հեռանում հայկական ֆուտբոլից
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքների պատճառով։ Նա հանդես է եկել տեսաուղերձով, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական էջում։
«Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային, ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- նշել է նա։
Սողոմոնյանի խոսքով՝ ինքն ու իր ակումբը ավելի քան երկու տարի պայքարել են ՀՖՖ ղեկավարության անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ոչ կոմպետենտության դեմ:
Նա հիշեցրել է, որ վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով, որ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:
«Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում»,- ասել է «Փյունիկի» սեփականատերը։
Նա նաև վստահեցրել է, որ կշարունակի ներդրումները ակումբի մանկապատանեկան ակադեմիայում։
Սողոմոնյանը չի բացառել, որ մի օր կվերադառնա, բայց դա կլինի այն ժամանակ, երբ կփոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ։
Sputnik Արմենիա