Reuters. Լիբանանում փեյջերների պայթեցման հետքը տանում է Հունգարիա

Թայվանական փեյջեր արտադրող Gold Apollo ընկերությունը չորեքշաբթի հերքել է, որ արտադրել է այն սարքերը, որոնք պայթել են, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ մոտ 3000-ը, հաղորդում է Reuters-ը:

Gold Apollo-ում նշել են, որ սարքերն արտադրվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հիմնված BAC ընկերության լիցենզիայի ներքո:

Իսրայելի Մոսադ լրտեսական գործակալությունը, որն այլ երկրներում բարդ հարձակումներ իրականացնելու երկար պատմություն ունի, պայթուցիկներ է տեղադրել Հեզբոլլահի կողմից ներկրված փեյջերներում այդ պայթյուններից ամիսներ առաջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անվտանգության բարձրաստիճան աղբյուրին:

Gold Apollo-ի հիմնադիր Հսու Չինգ-Կուանգը հայտնել է, որ պայթյունի ժամանակ օգտագործված փեյջերները պատրաստվել են եվրոպական ընկերության կողմից, որը Gold Apollo-ն իր հայտարարության մեջ նշել է որպես BAC:

«Դա մեր արտադրանքը չէր: Պարզապես դրա վրա դրված էր մեր ապրանքանիշը», - ասել է Հսուն չորեքշաբթի օրը լրագրողներին ընկերության գրասենյակներում Թայվանի հյուսիսային Նոր Թայփեյ քաղաքում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում BAC Consulting-ի նշված հասցեն դեղձի գույնի շինություն է արվարձանների բնակելի փողոցում:

Շենքում գտնվող մի անձ, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ BAC Consulting-ը գրանցված է այնտեղ, բայց ֆիզիկական ներկայություն չունի: BAC Consulting-ի գործադիր տնօրեն Քրիստիանա Բարսոնի-Արցիդիակոնոն իր LinkedIn պրոֆիլում ասում է, որ աշխատել է որպես խորհրդատու տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Նա չի պատասխանել Reuters-ի նամակներին: BAC-ի գրանցված գործունեությունը տատանվում է համակարգչային խաղերի հրատարակումից մինչև ՏՏ խորհրդատվություն և հում նավթի արտադրություն: Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը բացահայտել է AR-924 մոդելի փեյջերի լուսանկարը: «Հըզբոլլահի» զինյալներն օգտագործում են փեյջերները՝ որպես հաղորդակցության ցածր տեխնոլոգիական միջոց՝ փորձելով խուսափել իրենց գտնվելու վայրի իսրայելական հսկողությունից, գրում է լրատվական գործակալությունը։

Լիբանանի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ սարքերը մոդիֆիկացված են իսրայելական լրտեսական ծառայության կողմից «արտադրության մակարդակով»:

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտոնյաները չեն արձագանքել գործակալության խնդրանքներին։

News.am