Արցախից բռնի տեղահանվածներն բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց

Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով պարզաբանում, թե ինչու են 2023-ին տեղահանվածները ընդգրկվել 2022 թ շահառուների ցուցակում։

Նրանք բողոքում են, որ 2023թ շահառուները չեն կարողանում օգտվել բնակարանային և 40+10 ծրագրերից, քանի որ անհասկանալի պատճառով իրենց ներգրավել են 2022 թ-ի փետրվարի կառավարության որոշման շահառուների ցանկում։

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ Արցախի՝ 2023թ բռնատեղահանվածներից յուրաքանչյուրը պետք է օգտվեր կեցության ծրագրից, սակայն այս տարվա հուլիսից արցախցիների մի մասը անակնկալի են եկել, երբ չեն ստացել դրամական աջակցությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ նրանք 10 մլն դրամի շահառուներ են։

«Մինչդեռ ստացվում է՝ 10 մլն դրամի շահառու էին համարվում էն մարդիկ, որոնք դեռ 2022 թ Արցախում բնակարաններ էին ստացել։ Խնդիրն այն է, որ մեզ ոչ ոք տեղյակ չի պահել, որ մենք այդ ծրագրի շահառու ենք։ Ինձ մոտ արդեն հարց է ծագում, կարո՞ղ է այն ժամանակ արդեն իրենք գիտեին, որ մենք նորից ենք բռնատեղահանվելու և նախօրոք մեր մասին հոգ են տարել»,- ասաց ակցիայի մասնակիցը։

News.am