ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ…

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետության տարածքը։ Դրանից մի քանի օր առաջ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Ընդդիմությունը պնդում է, որ ռեժիմի պարագլուխը տեղյակ է եղել նախապատրաստվող ռմբակոծությունների մասին։ Սեպտեմբերի 20-ին ռմբակոծությունները շարունակվեցին։ Շարունակվում էին նաև նախօրեին Սառնաղբյուր գյուղի ռմբակոծության ժամանակ կորած Նվեր Ղազարյանի (2015թ.ծնված) որոնումները: Նրա եղբայրը՝ 2013թ. ծնված Միքայելը, այդ ժամանակ արդեն զոհվածների թվում էր, սակայն նրա դին չէին կարողանում դուրս բերել գյուղից, որի վրա ռումբերի տարափ էր տեղում:

րցախից ամեն կես ժամը մեկ տեղեկություններ էին ստացվում զոհերի մասին, իսկ այդ նույն ժամանակ (2023թ. սեպտեմբերի 19-20) գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, զբաղված էր վարչապետի գավաթի զանգվածային մրցավազքի կազմակերպմամբ։ Նախարարն այդ օրերին 39 մլն 656 հազար դրամ գումար փոխանցելու փաստաթուղթ է ստորագրել մարզական միջոցառման տեխնիկական ապահովմամբ զբաղվող ընկերություններից մեկին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես յուրովի արձագանքեց Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, նա հայտարարեց մայրաքաղաքի ավտոպարկից ավտոբուսներ տրամադրելու մասին՝ հայրենակիցներին Արցախից տեղափոխելու համար: Քաղաքապետը ներողություն խնդրեց երևանցիներից՝ տրանսպորտային միջոցների դեֆիցիտի պատճառած անհարմարությունների համար

Արցախի Հանրապետության ռմբակոծումը դադարեց միայն սեպտեմբերի 28-ին՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները 2024 թվականի հունվարի 1-ից լուծարելու մասին փաստաթղթի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրումից հետո: Սեպտեմբերի 28-ի ժամը 12-ի դրությամբ էթնիկ զտումների սպառնալիքով Արցախից Հայաստան վտարվեց 68 հազար 386 մարդ՝ հայկական երկրորդ հանրապետության բնակչության կեսից ավելին: Հույսը, որ Արցախում հայեր կմնան, մարում էր ժամ առ ժամ։ Մարում էր նաև հավատը ռուս խաղաղապահների խոստման նկատմամբ՝ կրկնապատկելու Արցախի բնակիչների անվտանգության ապահովման ռեսուրսներն ու ջանքերը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից հեռացել էր ավելի քան 100 հազար հայ...

Զինված ադրբեջանցիները զբաղվում էին զանգվածային սպանություններով, իսկ ռուս խաղաղապահները համոզում էին հայերին չլքել իրենց տները՝ խոստանալով զուտ բանավոր, թե շատ շուտով Արցախի հայ համայնքը կունենա ազդեցիկ ղեկավար՝ հանձին գեներալ Վիտալի Բալասանյանի։ Բուն բնակչությունը հաղորդում էր Հայաստանում ապրող հարազատներին, որ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո հայերի վերջնական գաղթը մի քանի օրվա հարց է։

Ադրբեջանական դիրքերից վտանգավոր հեռավորության վրա գտնվող Կիրանցի դպրոցի առնչությամբ էլ նախարար Անդրեասյանը խոստացավ «անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»: Հավանաբար նա նկատի ուներ ցանկապատի բարեկարգումը։ Երևի շուտով դրա առջև ծառեր կտնկեն՝ Փաշինյանի հանձնարարականների համաձայն։ Ինքը՝ Փաշինյանը հայտարարեց, թե Կիրանցի դպրոցը երբեք այնքան անվտանգ չի եղել, որքան այսօր։ Ռեժիմի պարագլուխը նկատի ուներ, թե այդ «անվտանգությունը» (զինված ադրբեջանցիները գտնվում են 40 մետր հեռավորության վրա) ապահովել է Տավուշի 4 գյուղերի հանձնումը սահմանազատման ցուցանակի տակ։ Սեպտեմբերի 21-ին՝ Արցախում ցեղասպանության թեժ պահին էլ, Փաշինյանը, հիշեցնեմ, հայտարարեց, թե «արցախահայությանը իրենց տներում ոչինչ չի սպառնում»։ Սեպտեմբերի 27-ին արդեն ձերբակալվել էր նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

ГОД ПРОШЕЛ…

2023թ. սեպտեմբերին, 120 հազար արցախահայության բռնի տեղահանումից ու ցեղասպանությունից հետո, Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց, թե իբր՝ Վաշինգտոնն ամեն ինչ արել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, միևնույն ժամանակ նա ընդգծեց. «Չեմ կարծում, թե Ռուսաստանը դրական դեր է խաղացել վերջին շաբաթվա ընթացքում։ Ժամանակ առ ժամանակ մենք տեսել ենք, որ առանձին դեպքերում ռուսներն օժանդակել են բանակցություններին, և ողջունել ենք դա, սակայն անվիճելի է, որ վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չէր»։ Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ի դերն այս համատեքստում արդյունավե՞տ էր։ Ռուսաստանի դերից ավելի արդյունավե՞տ։ «Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասաց Միլլերը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրին:

Սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում Փաշինյանն արձանագրեց, որ էթնիկ զտումները շարունակվում են: «Վերլուծությունը հուշում է, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,- ընդգծեց ռեժիմի պարագլուխը։

280 օր այդ հանրությունը հանգիստ հետևում էր շրջափակմանը, որի զոհն էին դարձել Արցախի ավելի քան 100 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ։ Հետևում էր քաղցից ուշագնաց լինող 5-ամյա աղջիկների ու տղաների տառապանքին։ Այնուհետ այդ հանրությունը դատապարտեց էթնիկ զտումները՝ չնչին իսկ ակնարկ չանելով ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, իսկ մեկ տարի անց՝ 2024 թվականի նոյեմբերին, ԵՄ անդամ երկրների ղեկավարները կժամանեն Բաքու՝ մասնակցելու СОР29 համաժողովին, որը կնպաստի ռազմական հանցագործի գլխավորած ցեղասպան պետության միջազգային հեղինակության աճին։

Ռեժիմի պարագլուխն ու իր քաղաքական ծառայանին փորձում են ողջ մեղքը բարդել նախագահ Շահրամանյանի վրա, թեև ակնհայտ է, որ նրա տեղում ցանկացած ոք ստիպված կլիներ գնալ ամեն քայլի՝ զանգվածային սպանությունները դադարեցնելու համար։ Ցեղասպանությունից և բռնի տեղահանումից հետո անցած մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցներում հաճախ են հնչել գնահատականներ, ըստ որոնց՝ Արցախում իշխանափոխության կազմակերպիչը ոչ այլ ոք էր, քան անձամբ Փաշինյանը։ Հիմնավոր վերլուծական եզրահանգումներ կան, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կուլիսներում քննարկել են դեռևս 2023-ի ձմռանը, բայց այն ժամանակ Ալիևը դեռ պատրաստ չէր ուժային գործողությունների։ Երբ Ապշերոնի սուլթանը «հասունացավ», Փաշինյանը հրահանգեց Հարությունյանին, որ հրաժարական տա։ Նախապես՝ դեռ 2 ամիս առաջ կատարվել էին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները։

Վերլուծաբանները հիմք են ընդունում այն, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո (2022թ. հոկտեմբեր, Պրահա) հետագա բոլոր իրադարձությունները՝ շրջափակումից մինչև ցեղասպանություն, լոկ ժամանակի հարց էին։ 2022-ի աշնանը Փաշինյանը գիտեր, թե ինչի է դատապարտում Արցախի ժողովրդին։ 2022-ի դեկտեմբերի 12-ին սկսված շրջափակումը անակնկալ չէր նրա համար

Այն մասին, որ Արցախում իշխանափոխությունը տեղի է ունեցել Փաշինյանի թելադրանքով, ըստ վերլուծաբանների, վկայում է այն փաստը, որ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականից հետո իրադարձությունների առաջնագծում հայտնվեց ոչ թե խորհրդարանի թվաքանակով երկրորդ կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, այլ փոքրաթիվ խմբակցության անդամ դաշնակցական Դավիթ Իշխանյանը։ Այդ կերպ Փաշինյանը փորձեց Արցախը հանձնելու մեղքը բարդել ՀՅԴ-ի և վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի վրա: Հայտնի չէ, թե այսօր որտեղ կլիներ Շահրամանյանը, եթե ռուս խաղաղապահները Ստեփանակերտից նրան ուղղաթիռով չտանեին Գորիս։ Չնայած այն հանգամանքին, որ Շահրամանյանը Երևանում է և ցանկացած պահի կարող է հանդես գալ հերքմամբ, ռեժիմի քարոզչամեքենան մշտապես փորձում է Շահրամանյան - Իշխանյան տանդեմի վրա բարդել Արցախը հանձնելու մեղքը։

Արցախի Հանրապետության նախագահը հերքում է այդ մեղադրանքները, սակայն քարոզչամեքենան շարունակում է անել իր գործը, թեև ակնհայտ է, որ Արցախի հանձնումը տեղի է ունեցել շրջափակումից առաջ, իսկ ցեղասպանությունն ու տեղահանությունը Փաշինյանի քաղաքականության ուղղակի հետևանքն էին։

5 տարի ծախսեց Փաշինյանի ռեժիմն Արցախը հանձնելու վրա։ Արցախից զրկված Հայաստանը հանձնելու վրա ավելի քիչ ժամանակ կծախսի։ Գործընթացն արդեն թափ է առել... 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Փաշինյանը Գրանադայում ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթը։ Այդ պահին արդեն ադրբեջանական գերության մեջ էին Արցախի երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը