ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ «ՆՎԱՃՈՒՄՆԵՐ»
Մենք արդեն գիտենք Փաշինյանի փողոցային թիմի տարած ռազմավարական բնույթի փայլուն հաղթանակների մասին։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի դիվանագիտական մեծ հաղթանակն է։ Այդպես է ասում թքող խոսնակը։
2023-ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումը Հայաստանի անկախացումն է։ Այդպես է ասում էկոնոմիկայի նախարարը։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՄԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՊԱՏՎԻՑ ՑԱԾՐ Է։ Նրա հաղթանակները հիմնականում աշխարհայացքային, տիեզերական մասշտաբի են։ Օրինակ՝ որ Արցախը հանձնվել է դեռևս 1996-ին, բայց մենք դա չենք նկատել։ Նույնիսկ ինքը՝ մեծն Նիկոլը, սկզբում չի նկատել, բայց ի վերջո աչքերը բացվել են, հիմա էլ մեր ամենքիս աչքերն է բացում ու Մովսեսի պես դուրս բերում մեզ տասնամյակների մոլորության անապատից…
Ինչո՞ւ հիշեցինք Հայաստանում իշխող թիմի այդ փայլուն նվաճումները։ Պարզապես այն պատճառով, որ պետք է նախապատրաստել հանրությանը գլոբալ բնույթի ևս երկու հաղթանակների, որ առաջիկայում կտանի Փաշինյանի թիմը։
Առաջին հաղթանակը հաղորդակցության ոլորտում է։ Բաքուն ու Անկարան կստանան իրենց ուզածը. Ադրբեջանի արևմտյան շրջանները կկապվեն Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով։ Փոխարենը ի՞նչ կստանա Հայաստանը։ Ոչինչ, բայց հենց դրանում էլ ամփոփված կլինի Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական մեծ հաղթանակը։
Այն մասին, որ դրա համար գրեթե ամեն ինչ պատրաստ է, վկայում է վերջին օրերի ժամանակագրությունը։ Համառոտ հիշեցնենք։ Պուտինի Բաքու կատարած այցից և ՌԴ նախագահի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո վերջինս գանգատվել է Թեհրանին, որ Մոսկվան կողմ է «միջանցքի» բացմանը: Իրանցիները վրդովվել են, որ հարցը լուծվում է առանց իրենց։
ԶԼՄ-ները հաղորդեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Երևան կատարած այցի մասին: Բլինքենը մտահոգվեց ու զանգահարեց Փաշինյանին՝ հիշեցնելու. «միջանցքում» ռուսներ չպե՛տք է լինեն։ Համոզվելու համար, թե ինչն ինչոց է, Երևան ժամանեց Ֆրանսիայի ԱԳ ղեկավարի պաշտոնից հեռացող նախարարը։ Եկավ ու հայտարարեց, որ չնայած Ռուսաստանի «թշնամանքին» ու նրա սպառնալիքներին՝ Փարիզն աջակցում է Երևանին։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները չեն արվում առանց Երևանի հետ համաձայնեցման, և հեշտ է պատկերացնել, թե ինչպես է Սեժուրնեյի գիրկն ընկած լաց եղել Արարատ Միրզոյանը՝ գունեղ նկարագրելով ռուսների «թշնամանքն» ու «սպառնալիքները»…
Կարծում ենք՝ Փաշինյանը հույս ունի ինչ-որ բան կորզել Փարիզից, բայց Օվերչուկի փաստարկներին գործնականում զիջեց։ Որովհետև շատ չանցած «միջանցքի» և դրա օգուտների մասին հանկարծ հիշեց թուրքական հետախուզության ղեկավարը, իսկ Շոյգուն Պուտինի ուղերձով թռավ Թեհրան։
Քանի որ «միջանցքի» դեմ Փաշինյանի վերջին փաստարկն Իրանի դիրքորոշումն էր, կարծում ենք՝ Շոյգուն Թեհրանում ներկայացրել է իրական պատկերը, որից հետո հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը տարաձայնություններ չունեն ադրբեջանական կոմունիկացիաների հարցում։
Դե, և վերջապես, Փաշինյանը թռավ Թբիլիսի, որպեսզի տեղեկացնի վրացի գործընկերոջը բանակցությունների մասին, գուցե ակնկալելով, թե Թբիլիսին էլ դեմ կարտահայտվի՝ հավելյալ առիթ տալով Հայաստանի վարչապետին էլի սակարկելու, բայց դա, իհարկե, տեղի չի ունենա։
Կարեվոր պահ. Եռակողմ հայտարարության հիման վրա տխրահռչակ «միջանցքի» փոխարեն Երևանը կարող էր ստանալ Լաչինի ապաշրջափակումը՝ նույն Եռակողմ հայտարարության պայմաններով, բայց դա չի անի, որովհետև չի ուզում։ Եթե ցանկանար, ապա Բաքվին ճանապարհ կտար նախքան էթնիկ զտումներն Արցախում, դրանով իսկ կանխելով վերջինը։ Բայց նրա ծրագրի էությունը հենց այն էր, որ սկզբում հանձներ Արցախը, իսկ հետո, երբ ամեն ինչ կհանդարտվի, նաև ճանապարհը…
Եվ այսպես, դատելով շահագրգիռ կողմերի շարժումների ինտենսիվությունից՝ հանգուցալուծումն արդեն մոտ է, և շուտով մենք կիմանանք Փաշինյանի թիմի ռազմավարական կոմունիկացիոն հաղթանակի մասին։ Բայց կլինի ևս մեկը. հակակոռուպցիոն մեծ հաղթանակ։
Շուտով Բաքվում սկսվելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարությունը։ Եվ քանի որ Երևանը ոչինչ չի անում նրանց ազատմանը հասնելու համար, ապա դատավարությունը կարող է հակակառավարական մեծ արձագանք առաջացնել Հայաստանում։ Որպեսզի դա տեղի չունենա, արդեն մեթոդաբանական հանձնարարական է տրված ամեն կերպ վարկաբեկելու հայ պատանդներին։ Ասել է թե՝ տե՛ղն է դրանց, որ դատում են, շատ էլ լավ են անում...
Հանձնարարականի սպասարկման առաջին շարքերում է ոմն հայտնի բլոգեր, որին ոմանք շուն են կոչում, մյուսները՝ դոկա, բայց դա էական չէ... Իսկ էականն այն է, որ հիշյալ բլոգերը, որին ոմանք շուն են կոչում, մյուսները՝ դոկա, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ոչ մի դեպքում բաց չթողնել ո՛չ Դավիթ Իշխանյանին, ո՛չ Լևոն Մնացականյանին, ո՛չ էլ մյուսներին…
Այստեղ պասերով խաղ է ընթանում Բաքվի ու Երևանի, Փաշինյանի և Ալիևի միջև։ Գերիների և պատանդների ազատ արձակման հարցում Երևանի պասիվության դիմաց Բաքուն Փաշինյանին գաղափար նետեց, թե ինչպես ներկայացնի Բաքվում կայանալիք դատը որպես ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հաղթանակ։
Գաղափարը Փաշինյանի սրտով էր, և շուտով հայ ընտրազանգվածը կիմանա, որ չեն եղել Հայոց աշխարհում ավելի մեծ կոռուպցիոներներ, քան Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Իշխանյանը…
Փաշինյանին հասկանալ կարելի է. քանի որ չհաջողվեց Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ապա պիտի բաց չթողնի Ալիևի ձեռքով գոնե Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից ոխ հանելու հնարավորությունը։
Ուստի շուտով մեզ կպատմեն, թե Բաքվում ընթացող դատը ամենևին էլ հայ ժողովրդի հերթական նվաստացումը չէ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ։ Իրականում դա ղարաբաղյան մաֆիոզ կլանների կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի Փաշինյանի քաղաքականության հաղթանակն է…