ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբանանում կատարված պայթյունների վերաբերյալ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ում Սլովենիայի մշտական ներկայացուցիչ Սամուել Զբոգարը հայտարարել է, որ ուրբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած Խորհրդի նիստը՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ, հայտնել է Al Jazeera-ն։
Ըստ Սլովենիայի մշտական ներկայացուցչի՝ Ալժիրն արաբական պետությունների անունից դիմել է այդ նիստն անցկացնելու խնդրանքով։
Հիշեցնենք, որ նախօրեին և այսօր Լիբանանի ամբողջ տարածքը ցնցվել է պայթյունների ալիքից։ Նախօրեին պայթել են «Հըզբոլլահ»-ի անդամների օգտագործած փեյջերները։ Պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ շուրջ 3000 մարդ:
Այսօր, ըստ լիբանանյան լրատվամիջոցների, դյուրակիր ռադիոսարքերը պայթել են երկրի տարբեր շրջաններում։ Պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։ Իրանը և «Հըզբոլլահ»-ը պայթյունների համար մեղադրել են Իսրայելին:
News.am