ՄԱԿ-ը Իսրայելից պաղեստինյան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չորեքշաբթի ընդունել է պաղեստինցիների պատրաստած բանաձևը, որով Իսրայելից պահանջում է 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր «ապօրինի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»:

Բանաձևին կողմ է քվերակել 124 երկի, 43 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ը և 12 այլ երկրներ բանաձևին դեմ են քվեարկել։

Բանաձևը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսյան խորհրդատվական եզրակացությունը, որում ասվում է, որ պաղեստինյան տարածքների և բնակավայրերի Իսրայելի օկուպացիան անօրինական է և պետք է դադարեցվի:

Միավորված ազգերի կազմակերպության բարձրագույն դատարանի՝ Համաշխարհային դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ նշվում է, որ դա պետք է արվի «հնարավորինս արագ», թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևը 12 ամիս ժամկետ է սահմանում:

Գլխավոր ասամբլեայի բանաձևը միաժամանակ կոչ է անում պետություններին «միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական բնակավայրերում արտադրվող ցանկացած ապրանքի ներմուծումը, ինչպես նաև Իսրայելին զենքի, զինամթերքի և հարակից սարքավորումների տրամադրումը կամ փոխանցումը, եթե կան կասկածելու ողջամիտ հիմքեր, որ դրանք օգտագործվելու են օկուպացված պաղեստինյան տարածքում»:

Բանաձևն առաջինն է, որը պաշտոնապես ներկայացվել է Պաղեստինի ինքնավարության կողմից, քանի որ այն ստացել է լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ այս ամիս, ներառյալ ՄԱԿ-ի անդամների միջև ասամբլեայի հարկում նստավայրն ու բանաձևերի նախագծեր առաջարկելու իրավունքը:

News.am