Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանից հայերի վերադարձը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ

Ադրբեջանական բանտերում պահվող հայերը պատանդներ են, և նրանց վերադարձը կապված է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի թեմայով համաժողովում սեպտեմբերի 18-ին ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը նրանց փոխանակելն է քաղաքական պահանջների բավարարման հետ։

«Ներկա պահին Ադրբեջանում պաշտոնապես պահվում է 23 հայ։ Կան գերի այլ հայեր, որոնց մասին ինչ-որ պահից որևէ տեղեկություն չկա։

23 հայերի մեջ կան ե՛ւ ռազմագերիներ, ե՛ւ քաղաքացիականներ, ե՛ւ քաղբանտարկյալներ։ Վերջինները Արցախի 8 ձերբակալված ղեկավարներն են։ Նրանց ձերբակալումը ոչ մի կերպ կապված չէ մարտական գործողություններին մասնակցության հետ։

2020-ից պահվում են 5 հայեր, որոնցից երկուսը ռազմագերի են։ Մյուս երեքը գերի են վերցվել հատուկ գործողության հետևանքով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, այդ թվում նրանցից երկուսի դեմ քաղաքական վենդետայի շրջանակում, Ադրբեջանի ղեկավարության հասցեին արտահայտվելու պատճառով»,- ընդգծել է նա։

Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունը իրավապաշտպանն անվանել է հատկանշական ԿԽՄԿ մանդատի հանդեպ Բաքվի վերաբերմունքի տեսակետից։

«Այդ խնդիրը բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի հանդեպ։ Բայց հաշվի առնելով ԿԽՄԿ աշխատանքի խոցելիությունն Ադրբեջանում, այդ արձագանքը զարգացում չի ստացել»,- նշել է նա։

Սահակյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում Ադրբեջանից վերադարձվել է 210 հայ։

«Նրանք եթարկվել են կտտանքների և նվաստացումների։ Նրանց վերադարձը չեն դադարեցրել իրավական գործընթացները, որոնք նախաձեռնվել են ե՛ւ մեր կողմից՝ որպես մասնավոր կազմակերպություն, ե՛ւ պետության կողմից»,- ասել է նա։

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ պաշտոնապես հայտարարվել է, որ խաղաղության պայմանագրի շրջանակում չկա Ադրբեջանից 23 հայերի վերադարձի մասին կետ։

«Ընդ որում, մենք ասել ենք, որ նրանց վերադարձը պետք է դառնա ոչ թե խաղաղության պայմանագրի չստորագրման արդյունք, այլ համապատասխան մթնոլորտի ձևավորման նախադրյալ փաստաթղթի ստրագրման համար»,- հայտնել է Սահակյանը։

Նա նշել է, որ կա այն հարցը, թե որքանով է Ադրբեջանը պատրաստ կատարելու միջազգային ատյանների դատական ակտերը։

Սահակյանն ավելացրել է, որ Արցախի իշխանությունները կարող են աշխատել Ֆրանսիայի հետ և հասնել Փարիզի դատական ակտի ընդունմանը Բաքվի դեմ։

«Ներկա պահին ընդունվել են ավելի քան տասնյակ դատական ակտեր հօգուտ տուժած հայերի, որոնց ուղղությամբ Բաքուն ոչինչ չի ձեռնարկում։ Առանց քաղաքական ճնշման արդյունքի հասնել չի հաջողվի։ Նման գործողություններից մեկը կարող է դառնալ ճնշումն այն հիման վրա, որ Ադրբեջանը չի կատարում դատական ակտերը, ինչը գործընթացին կներգրավի նաև միջազգային ատյաններին։

Հայաստանն ինքը հայց է ներկայացրել Արցախի ղեկավարների առիթով, որոնք պահվում են Ադրբեջանում, բայց հնչող քաղաքական հայտարարությունները կարող են հակասել այդ իրավական գործընթացին»,- նշել է նա։

News.am