Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան․ Հռոմի առաջին հայ կարդինալը

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 18-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ դարձած առաջին հայի՝ Գրիգոր -Պետրոս ԺԵ Աղաջանյանի ծննդյան օրն է։ Ղազարոս (աշխարհիկ անունը) Աղաջանյանը ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1917 թվականին ձեռնադրվել է քահանա և ստացել «Ֆրանցիսկ» անունը։

Երկար տարիներ կաթոլիկ եկեղեցում ծառայելուց հետո Աղաջանյանը ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ երկու տարի անց ընտրվել Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս, որտեղ էլ ստացել է Գրիգոր Պետրոս ԺԵ անունը։

Նրա ծառայությունը նշանավորվել է հայ կաթոլիկ եկեղեցու հանդեպ անխոնջ հոգատարությամբ։ Նա հաճախ էր այցելում տարբեր քաղաքների և երկրների հայկական գաղութներ և թեմեր, ստեղծում դպրոցներ և որբանոցներ, կառուցում եկեղեցիներ և աջակցում կաթոլիկ հայերի հրատարակչական գործին:

Աղաջանյանն աչքի էր ընկնում նաև իր կրթությամբ, քանի որ տիրապետում էր ութ լեզվի։ Նա օրինակելի հոգևորական էր, իսկ 1946 թվականին դարձել է առաջին հայը, ով արժանացել է կարդինալի կոչման։ Պիոս XII պապը նրան նշանակել է Արևելյան եկեղեցիների կանոնագիրք կազմող հանձնաժողովի նախագահ։ Բացի այդ, նրա թեկնածությունը երկու անգամ դիտարկվել է որպես պապական աթոռի թեկնածու։

Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը մահացել է 1971 թվականի մայիսի 16-ին Հռոմի Լևոնյան ճեմարանում։ Նրա աճյունն ամփոփված է Լևոնյան ճեմարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի դամբարանում։