Բաղունց․ Քաղաքական կամք է պետք, ՀՀ իշխանությունների կողմից, որ ծաղրածու չդառնանք
Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, -Եռաբլուրում հայտարարեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը։
Նրա խոսքով, պետք է հստակ հասկանանք, ըմբռնենք, որ տեղի ունեցածը, ինչ էլ անվանանեք՝ ցեղասպանություն, բռնի տեղահանում, թե էթնիկ զտում, մեկ դարի առաջ տեղի ունեցած Մեծ Եղեռնի շարունակությունն է։
«Ցավոք, Հայաստանի իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ներառում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում ու զուգահեռ խաղաղության օրակարգն է, կտրուկ շեշտը դնում են միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել անվտանգություն։ Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведский синдром» հասկացությանը, երբ զոհը փորձում է արտահայտել սեր, ըմբռնում ահաբեկչի նկատմամբ: Այնուամենայնիվ հստակ կարելի է ասել, որ նման դրսևորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ դժվար թե ցանկալի արդյունք տա»,-ասաց Բաղունցը։
Դիտարկմանը, թե պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ Արցախը չկա, քանի որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն է փաստաթուղթ ստորագրել, Բաղունցն ասաց՝ փաստաթուղթն իրավական ուժ չունի, իսկ դրա ստորագրումը ստիպված քայլ է եղել 120,000 արցախցիներին փրկելու և Արցախից դուրս բերելու համար։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի նախագահի և արցախցի այլ պաշտոնյաների դեմ իրականացված գործողություններին ու արված հայտարարություններին, Բաղունցը նշեց՝ իր համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի է այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման ու բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան իրավական ակտերը։ «Նման պարտիզանական գործողությունները վայել չէ որևէ պետական կառույցի: Հայ ազգի երկու հատվածների միջև անընդունելի է նման պահվածքը, վերաբերմունքը: Քաղաքական կամք և պատասխանատվություն է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև: Մենք հստակ կարող ենք ասել, որ արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»:
Անդրադառնալով արցախցիների՝ ԼՂ վերադարձի և առհասարակ Արցախի հարցը փակելուն՝ Բաղունցը նշեց, որ այդ հարցը հնարավոր չէ փակել և խնդիրն իրենք մշտապես պահելու են օրակարգում։
Հարցին՝ որքանով է բավարար համարում ՀՀ իշխանությունների ջանքերն՝ ուղղված Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, նա պատասխանեց․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որ ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործընթացքում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործվում, ինչը կարծում եմ լուրջ բացթողում է»։
Նա նշեց, որ իրենք ևս որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ և չնայած շատ ավելի թույլ մեխանիզմներ ունենալու հանգամանքին, այնուամենայնիվ փորձում են հարցն անընդհատ օրակարգում պահել՝ միաժամանակ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս են հայտարարություն տարածել այս թեմայով, ինչպես նաև հանդիպել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Եզրափակելով խոսքը՝ Բաղունցն ընդգծեց, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական չէ, և Բաքուն նպատակ չունի ենթարկվելու թե՛ իրենց կողմից հնչող պահանջներին, թե միջազգային կառույցների պահանջներին։
News.am