Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ԻՐԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է, ՈՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի և Իրանի ԱԽ քարտուղարների մակարդակով հանդիպումներն առաջին հերթին վերաբերում են երկկողմանի պայմանագրին, որը պատրաստվում են կողմերը կնքել, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» օրակարգում ընդհանրապես չկար մինչև վերջին հայտարարությունը, որը հնչեց Լավրովի կողմից՝ Բաքու այցի ժամանակ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, APRI գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որ մենք վստահ ենք, որ մեր իրանցի գործընկերները հասկացան մեր դիրքորոումը կոմունիկացիաների վերաբերյալ, այս մեսիջը կարող ենք կարդալ, որ Ռուսաստանը կարողացավ համոզել Իրանին, որ ճանապարհը պետք է բացվի ՌԴ վերահսկողության ներքո: Բայց հիմա, երբ իրանական պաշտոնական լրատվամիջոցներից տեսնում ենք, որ ասվում է՝ Ռուսաստանն ընդունեց իԻրանի դիրքորոշումը կոմունիկցիաների վերաբերյալ, նշանակում է, որ այն ձևաչափը, որը ՌԴ-ն նախատեսում էր, ինքը գրեթե ժամանակավոր էլ օրակարգում չէ:
Ռուսաստանն ուներ երկու օպցիա. Մեկը, որ կոմունիկացիաներում լինի մասնավոր կազմակերպության ներկայություն, որը նշանակում է արևմտյան ներկայություն, կամ ՌԴ ներկայություն: Երկրորդ օպցիան, որ քննարկել են և պայմանավորվել են, որ բոլոր կոմունիկացիաները պետք է լինեն Հայաստանի ինքնիշխանության ներքո, էլ ռելեվանտ չի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են մասնավոր կազմակերպության շուրջ:
Իրանն ի սկզբանե դեմ էր, որ Հայաստանի տարածքով ինչ-որ ճանապարհ անցնի, քանի որ այս իրավիճակում ցանկացած հաղորդակցություն շատ կարճ ժամանակում վերածվելու էր միջանցքի: Միաժամանակ Իրանը դեմ էր, որ այնտեղ լինի արևմտյան ներկայություն, նաև ռուսական ներկայություն: Քանի որ չբացվելու տարբերակը բացառվում է, Իրանը եղած օպցիաներից կնախընտրի, որ այնտեղ լինի ռուսական ներկայությունը, քան արևմտյանը»,-ասաց փորձագետը:
Նա նկատեց, որ հնարավոր չէ Սյունիքում ունենալ ռուսական ներկայություն, եթե բանակցությունները չեն ընթանում ռուսական միջնորդությամբ. «Այժմ բանակցություններում չեն քննարկում ռուսական ներկայություրնը, քննարկում են արևմտյան միջազգային մասնավոր ընկերության տարբերակը: Երկրորդը, դժցվար թե օրակարգ փորձեն բերել ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակումը, որը Հայաստանը կարող էր բերել, որ հետաձգեր այս հարցը: Հիմա Հայաստանի համար կարևոր է ժամանակ շահել մինչև պարզ լինեն Վրաստանում իրավիճակը, ԱՄՆ-ի ընտրությունները, իր ուժերը վերականգնել և կարողանա ինքնուրույն վերահսկել հողորդակցության ուղիները: Իսկ բանակցությունների այս ձևաչափում Սյունիքում ռուսական ներկայությունը բացառվում է»: