ՀՀ ԱԳՆ․ Այս տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր
Այս տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել արցախահայության դեմ վերջին ագրեսիայի տարելիցի կապակցությամբ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ 1 տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Արցախի ամբողջ բնիկ բնակչությունը մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։
«Դա տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։
ԱԳՆ-ն հավելում է, որ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։
«Վերջինիս կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու և սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձևավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում»,- նշված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև հիշեցնում է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա