Դոնի Ռոստովում հայկական եկեղեցի է օծվել

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օծել է Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական եկեղեցի Մոսկվայում» telegram ալիքից։

Դռնբացեքի արարողությունից հետո հոգևոր դասը հավատացյալների հետ մտել է եկեղեցի, որտեղ ջրով և գինով լվացել են, ապա սրբալույս մյուռոնով օծել են 16 սյուն, մկրտության ավազանը, սրբապատկերները։ Օծվել է նաև եկեղեցու գմբեթի խաչը։

Եկեղեցին Սուրբ Սարգսի անունով է կոչվում։

«Շահումյան գյուղում այսօր ապրող մեր հայրենակիցներն ամուր ու անշեղ կանգնած են ինքնաճանաչման և հոգևոր նորոգության ճանապարհին»,– ասել է սրբազանը։

Տեղաբնակ Ջիվան Վարդանյանին և գյուղապետ Սամվել Հովհաննիսյանին Գարեգին Բ–ի օժանդակությամբ շնորհվել են Սուրբ Ներսես Շնորհալու շքանշաններ, իսկ 33 բարերարի էլ օրհնության գրեր են տրվել։

Եկեղեցու հիմքերի օրհնությունը նույնպես Եզրաս սրբազանն է կատարել` 7 տարի առաջ` 2017 թվականին։ Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով, այն 30 մ բարձրություն ունի։

Շահումյան գյուղում ապրում է ավելի քան 2000 հայ, բոլորն էլ արմատներով Մշից են ու խոսում են Մոշի բարբառով։ Գյուղի դպրոցում 200 աշակերտ է սովորում, մանկապարտեզ կա, խաղահրապարակ, մշակույթի կենտրոն։ Գյուղում հայկական անուններով փողոցներ կան` Բաղրամյան, Շահումյան, Նալբանդյան։

Sputnik Արմենիա