Զախարովա․ Հայաստանը սկսել է նվազեցնել երկխոսությունը ՌԴ-ի հետ, դա կարող է վատ ավարտ ունենալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից, կարծես, միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին և այլն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս հանգամանորեն խոսել ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին»,- ասել է Զախարովան։

Նա նշեց, որ այս պատրվակներով Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։

«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, իսկ, ի հակադրություն, սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին։ Սրանում որոշակի մանիպուլյատիվություն կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածություն կապերի սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը, չգիտես ինչու, հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- ասել է դիվանագետը։

Նա նաև նշել է, որ պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալ հաշվարկները քողարկելու համար։

News.am