Թովմասյան․ Երբ դատավորը նիստում քնում է, քնած էլ կարող է վճիռ կայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ որ դատավորը նիստում քնում է, մոտավորապես քնած էլ կարող է այդպիսի վճիռ կայացնել։ Այսպես մեկնաբանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը։

 

Նշենք, որ դատարանը Թովմասյանին երկու դրվագով ճանաչել էր մեղավոր, բայց նրան ազատեց քրեական պատասխանատվությունից:

Նման ելքը Թովմասյանի համար կանխատեսելի էր, սակայն նշում է` դատարանին հնարավորություն էր տվել արդարադատություն իրականացնել։

«Սա իմ դատավճիռը չէ, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մի քար հանելու ճանապարհին կատարված քայլ էր: Եվ այս դատարանում արդարդատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ: Երբ որ դատավորը նիստում քնում էր, մոտավորապես քնած էլ կարող է այդպիսի վճիռ կայացնել։ Անհաղորդ էր ամբողջ պրոցեսին, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, ինքն ի սկբանե գիտեր` ինչ որոշում է կայացնելու»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` իրավունքների տասնյակ խախտումները, երկար ճառերը, ընդմիջումները, առավոտից երեկո նիստերը խոսում էին այն մասին, որ ինչ–որ վատ բան է սպասվում ՀՀ–ին, որին մասնակից պետք է լինի ՍԴ–ն։

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարաններում։

Հիշեցնենք` Թովմասյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Դատախազությունը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանական կողմը՝ արդարացնել նրան։

Sputnik Արմենիա