Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը վեց ամսում աճել է 6.7%-ով
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-հունիսին աճել է 6.7%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջատար երեք գործընկերներն են Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024-ի հունվար-հունիսին 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 6.7%-ով: Արտահանումն աճել է 14.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.7%-ով»:
Ռուսաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը կազմում է 16%: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանի հիմնական երեք գործընկերներն են եղել Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը:
Պաշտոնյան ընդգծել է, որ գործընկեր երկրները նպատակ ունեն մեծացնել ինտեգրումն ու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ չնայած արտաքին քաղաքական իրավիճակին:
«Համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում: Մեր երկրների միջև մշակութային և հումանիտար կապերը զարգանում են, իսկ ազգային արժույթով վճարումների տեսակարար կշիռն անշեղորեն աճում է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:
B24.am