ԵՄ-ն փորձում է «պատժել» Վրաստանին. քննարկվում է երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը
Եվրամիությունը դիտարկում է նաև Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը, եթե երկիրը չվերադառնա «Եվրոպայի հետ մերձեցման ուղի»։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Եվրամիությունը, նախագահների և վարչապետների ամենաբարձր մակարդակով, մտահոգություն է հայտնել Վրաստանում զարգացող իրադարձությունների վերաբերյալ: Բարեփոխումների փոխարեն, որոնք Վրաստանը կմոտեցնեն Եվրամիությանը, ցավոք, վերջին ամիսներին մի քանի իրադարձություններ եղան, որոնք մեծացրին հեռավորությունը Վրաստանի և ԵՄ-ի միջև: Մենք մի քանի ամիս առաջ հստակեցրել ենք, որ բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցումը»,- ասել է Գերչինսկին։
Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացան մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։
«Փաստինֆո»