ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 23-ԻՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕՐԵՐԻՆ…

«ՀայաՔվե», «Բաբոն տեր ա», «Մարտական եղբայրություն», «Զանգ», «Կամք», «Բռունցքդ բեր». այս և այլ շարժումների մասին մենք գրել ենք նոր քաղաքացիական հասարակության ձևավորման ողջ ընթացքում։ 2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո, երբ փողոց դուրս եկավ սորոսաթուրքական ողջ 5-րդ շարասյունը, թվում էր, թե երկրում քաղաքացիական նախաձեռնություններին վերջ է տրված առհավետ։ Նոր հասարակական կազմակերպությունները, շարժումներն ու նախաձեռնությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը վարձված չէ ռեժիմի կողմից և կախված չէ պարոն Սորոսի դրամաշնորհներից:

Քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածն արդեն համախմբվել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման շուրջ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 22-ի ժամը 15-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշանակված է մեծ հավաք, որը մեծապես կնախորոշի շարժման հետագա ճակատագիրը: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նախատեսում է, որ այդ օրը ՄՀՀ-ում կհավաքվեն շարժման մոտ 10 հազար ակտիվ կողմնակիցներ: Ժողովուրդը պայքարի է ելել իշխող ռեժիմի դեմ, և դա անվիճելի փաստ է։ Մարդիկ հոգնել են իշխող վերնաշերտի անդադար ստերից, ամենաթափանց ու ամենակուլ կոռուպցիայից, ոստիկանական կամայականություններից և Ալիևի ու Էրդողանի դուդուկի տակ պարելու ռեժիմի պարագլխի պատրաստակամությունից։

Վերոնշյալ բոլոր շարժումներում և հասարակական նախաձեռնություններում ժամանակի հետ տեղի են ունեցել մեծ ու փոքր փոփոխություններ. ոմանք հեռացել են, ոմանք՝ միացել, արքեպիսկոպոսի գլխավորած շարժումն էլ բացառություն չէ: Այսօր Գալստանյանի կողքին բացակայում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակունքներում կանգնած, ամենուր նրան ուղեկցող, բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանցից ոմանք: Եվ դա նորմալ է: Լիակատար համերաշխություն չի լինում, մարդիկ տարբեր են, նրանք տարբեր կերպ են նայում իրերին: Լիակատար համերաշխություն, ինչպես 2018-ի գարնանը, կարող է ապահովվել միայն հատուկ տեխնոլոգիաներով, որոնք գործի են դրվել օրինական իշխանության տապալման նպատակով ԿՀՎ-ի ձեռնարկած բոլոր գունավոր հատուկ գործողությունների ընթացքում։ Երևանի փողոցներում ամբոխը թմբուկի ռիթմով միահամուռ վանկարկում էր «Դըմփ, դըմփ, հո՛ւ»…

Երևանում ամբոխին զոմբիացնում էին թմբուկի զարկերի տակ գոչյուններով, Կիևում՝ «Ով չի ցատկում, նա մոսկալ է» ճիչերի տակ մայդանային պարերով։ 6 տարի անց իշխող ռեժիմը բախվել է Փաշինյանի հրաժարականը պահանջող ամենազանգվածային բողոքի շարժմանը։ Արդեն ձեռնարկվել են աննախադեպ հակամիջոցներ, որպես հետևանք՝ շարժումը լքել են բազմաթիվ կողմնակիցներ. այսօր ընդդիմության շարքերում լինելու համար առավելագույն խիզախություն է պահանջվում

Մայիս ամսից իշխանական քարոզչամեքենան 7/24 ռեժիմով քարոզարշավ է իրականացնում՝ վարկաբեկելու շարժումն ու նրա առաջնորդին։ Մենք փորձել ենք չծանրաբեռնել մեր լսարանին շարժման ներսում պառակտման պատճառների, մարտավարական տարաձայնությունների և այլնի մասին ասեկոսեներով։ Այսօր, երբ մեծ հավաքին մնացել են հաշված օրեր, սահմանափակվենք հղումով վերջին հավաքներից մեկում «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի ելույթին: Դա թույլ կտա հասկանալ, թե որոնք են հիմնական տարաձայնությունները շարժման ներսում: Իսագուլյանն ասաց, որ քանի դեռ որոշումներ է կայացնում Կարեն Բեքարյանը, կոշտ պայքարի մասին խոսք անգամ լինել չի կարող:

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Բեքարյանը որոշակի ժամանակից ի վեր համարվում է արքեպիսկոպոսին մոտ կանգնած անձ։ Գալստանյանն ինքն է որոշողը, թե ում խորհուրդներն են իրեն պետք։ Վերջին շրջանում նա լսում է Բեքարյանի խորհուրդները, որը, ինչպես հայտնի է, փափուկ ուժի կողմնակից է։ Հենց այդ մարտավարական գիծը հանգեցրեց խորհրդարանի շենքի մոտ հունիսի 12-ի դեպքերից հետո որոշ խմբերի և հասարակական նախաձեռնությունների հեռանալուն։ Այսօր Գալստանյանի կողքին են խորհրդարանական ընդդիմության՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, արտախորհրդարանական «Ապրելու երկիր», «Սասնա ծռեր» կուսակցությունները, ևս 1-2 գաճաճ ուժեր, որոնք նույնպես համամիտ չեն Բեքարյանի մարտավարությանը, բայց չեն շտապում խզել հարաբերությունները շարժման հետ։

Շարժման ակտիվը բազմիցս տեղեկացրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ արքեպիսկոպոսը տեղյակ է առկա տարաձայնությունների մասին, սակայն վերջերս քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրեց, որ սեպտեմբերի 22-ին կառաջարկի այնպիսի ծրագիր, որը կփարատի բոլոր կասկածները:

ՄՀՀ-ում կայանալիք հավաքին Գալստանյանը լինելու է միակ բանախոսը, արդեն հայտնի է, որ նա խոսելու է բեմից, իսկ որպես խորապատկեր են ներկայաալու, ըստ կանխատեսումների, շուրջ 500 երիտասարդներ, որոնք կխորհրդանշեն երիտասարդների աջակցությունը շարժմանը: Արքեպիսկոպոսը կհաստատի հավատարմությունը երկարատև պայքարի գաղափարին և կհայտարարի փողոցային ակցիաների նոր փուլի մեկնարկի մասին (հաջորդ օրվանից): Գալստանյանի ելույթից հետո ներկաները երթով կշարժվեն դեպի Եռաբլուր:

Փաշինյանի քարոզչամեքենան արդեն սկսել է խոսել նույն գետը կրկին մտնելու արքեպիսկոպոսի փորձի մասին։ Իշխող վերնաշերտը վստահ է, թե հունիսի 12-ի ջարդից հետո շարժումը չի վերականգնվի։ Խորհուրդ եմ տալիս սպասել Գալստանյանի ելույթին, որը կբովանդակի հետագա գործողությունների ծրագրի նկարագրությունը, իսկ հետևությունները կանենք հետո։ Եթե շարժումն ընդդիմադիր տրամադրված զանգվածներին ներկայացնի իշխանափոխության հստակ և կոնկրետ ճանապարհային քարտեզ, ապա երկրորդ ալիքը կարող է մոտեցնել ժողովրդին հաջողությանը։ Շատ բան կախված կլինի նաև այդ հավաքի մասնակիցների թվաքանակից, հենց դա կնախորոշի բողոքի փողոցային առաջին և հաջորդ ակցիաների որակը, որոնք, ինչպես արդեն հայտարարվել է, կսկսվեն սեպտեմբերի 23-ից