Հայաստանը տոնում է անկախության 33-ամյակը

Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 33–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Պատմություն

Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։

Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում։

Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությունը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:

Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սակայն անգամ ծանրագույն պայմաններում հայերը պահպանել և զարգացրել են սեփական մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն և ավանդույթները։

Հարկ է հիշել, որ հայերենով առաջին տպագիր տեքստը հայտնվել է գրատպության արշալույսին` XV դարի սկզբում, իսկ արդեն 1512 թ.–ին Հակոբ Մեղապարտը թողարկեց տպագիր «Ուրբաթագիրքը»։

Հայաստանում մեծ թափով զարգանում էին աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, փիլիսոփայությունը։ Հայկական մշակույթի անգին ժառանգությունն է նրա բացառիկ ճարտարապետությունը։

Հայերը, թերևս, միակ ժողովուրդն են, որը, չունենալով պետականություն, ստեղծել է սահմանադրություն ապագա երկրի համար։

20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:

Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:

Նովոստի–Արմենիա