Ընդհանուր շարժում է, որ պահին կուզեն, կմիանան․ Բագրատ սրբազանը՝ ԱԺԲ-ի հեռանալու մասին
Սա ընդհանուր շարժում է, որ պահին կուզեն, կմիանան, որ պահին կուզեն, կհեռանան։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ մեկնաբանելով «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական կազմակերպության հայտարարությունը։
ԱԺԲ–ն սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում հետագա համագործակցությունը շարժման հետ, քանի որ ի հայտ են եկել շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։
Սրբազանի խոսքով՝ ԱԺԲ-ի որևէ խնդիր չեն ունեցել, շարժումից հեռանալու մասին էլ քննարկում չի եղել, պարզապես հայտարարություն են արել։
«Մեր պայքարի գույներից մեկը պակասեց այս պահին, բայց ես վստահ եմ, որ իրենք ճիշտ կգնահատեն այս պայքարի կամ շարժման բովանդակությունը»,- նշեց Բագրատ սրբազանը։
Նա հավելեց, որ գնահատում է միասին անցած ճանապարհը, և հիշեցրեց՝ սա ընդհանրական շարժում է, բոլորի պայքարն է մեկ դրոշի՝ ՀՀ եռագույնի ներքո։
Հիշեցենք` սեպտեմբերի 22–ին` ժամը 14։30–ին, «Սրբազան պայքար» շարժումը հավաք է անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիա