Մարտի 1-ի գործով դատական գործընթացը վերսկսվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր վերսկսվել են Մարտի 1-ի գործով դատական լսումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին։

«Ռոբերտ Քոչարյանը նիստին չի մասնակցում, քանի որ համապատասխան ծանուցում չի ստացել»,– Telegram–ում գրել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նա հավելել է, որ միաժամանակ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին Հայաստանի Հանրապետությունում չէ։

«Նա մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին ՝ մինչ նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- գրել է Միկոյանը։

Դատարանը երկար ժամանակ քննում էր հարցը՝ արդյոք իրավազո՞ր է նիստն անցկացնել Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ, անգամ խնդրանքով դիմեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանին՝ կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հասկանալու՝ կարո՞ղ է ներկայանալ, թե՞ ոչ։

Ի վերջո, դատարանը որոշեց նիստը շարունակել դռնփակ կարգով։

Մինչ այդ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը իր պաշտպանյալի տեղաշարժի սահմանափակումը քննելու միջնորդություն ներկայացրեց։ Փաստաբան Լուսինե Սահակյանը շեշտեց, որ եթե նախկինում էլ երկրից չբացակայելու մասին ստորագրություն եղել է, ապա այժմ այն ևս բացակայում է, սակայն ոստիկանությունն ապօրինի սահմանափակում է իր պաշտպանյալի տեղաշարժի իրավունքը։

Նշենք, որ հոկտեմբերի 23–28–ն Արմեն Գևորգյանը գործուղվում է Թբիլիսի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):

2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված էին միայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վրա: Դատարանը որոշեց վերացնել նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև հանել նրանց գույքի կալանքը։

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերը նշված հոդվածով:

Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի` 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Sputnik Արմենիա