Բացառիկ համագործակցություն ՀՀ Օպերայի և բալետի թատրոնի և Միլանի Լա Սկալա թատրոնի ակադեմիայի միջև
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի նպաստել երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաև սահմանել թատրոնների միջև համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական և տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում։
Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։
Մաեստրո Կարեն Դուրգարյանի խոսքով սա բացառիկ և աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը ֆոտո և վիդեոնկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի, բեմական լուսավորման և ձայնային ռեժիսուրայի, բեմական գրիմի և բեմական կոստյումների մշակման ոլորտներում։
Լուիզա Վինչին, կարևորելով այս համագործակցությունը, նշել է, որ Ակադեմիան և իր գործընկերները կանեն առավելագույնս այս ծրագրի շրջանակում։ Ծրագիրը կնպաստի ոչ միայն թատրոնի ստեղծագործողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, այլև թույլ կտա զարգացնել բեմի տեխնիկական սպասարկումը և ժամանակակից կառավարումը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր հերթին մեծապես արժեվորել է այս փոխգործակցությունը, նշելով, որ Կառավարության և Նախարարության առաջնահերթություններից է հայ մշակույթի հանրահռչակումը, և սա գերազանց հնարավորություն է այդ նպատակն իրագործելու համար։ «Ուսանելով նման հեղինակավոր կառույցում՝ հայ մասնագետները կզարգացնեն իրենց մասնագիտական փորձառությունը՝ աշխատելով ժամանակին համընթաց և նպաստելով հայ մշակույթի և արվեստի զարգացմանը»,- նշել է փոխնախարարը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջազգային ներկայացուցիչ Էտտորե Վոլոնտիերին։ «Ես հայաստանյան օպերային թատրոնում առաջին անգամ եղել եմ 1992 թվականին, տեսել եմ, թե ինչ դժվարին ուղի է անցել թատրոնը, աշխատել եմ բազմաթիվ տաղանդավոր հայ արտիստների հետ, ովքեր մեծ բեմեր են նվաճել, ինչպես նաև արձանագրել եմ, թե ինչ մեծ զարգացում է ապրում թատրոնը հատկապես վերջին տարիներին։ Վստահաբար կարող եմ ասել, որ մաեստրո Դուրգարյանի այս նախաձեռնությունն առավելապես նոր նշաձող կսահմանի թատրոնի զարգացման գործում»,- հավելել է Վոլոնտիերին։
Նշենք, որ կրթական ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի՝ 2025 թվականի գարնանը։
News.am