«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալը կալանավորվել են
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Նովրուզյանը տեղեկացրեց, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման կալանքը որպես խափանման միջոց է կիրառվել երկու ամսով, իսկ Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։