Հրայր Թովմասյանը՝ սահմանազատման հանձնաշողովի կանոնակարգի մասին

Խորհրդակցական սենյակում իր դիտարկումները կբարձրաձայնեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը՝՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Հարցին՝ նկատե՞լ է խնդիրներ, նա պատասխանեց. «Այդ խնդիրները, եթե նկատել եմ, առաջին հերթին խորհրդակցական սենյակում պետք է բարձրացնեմ, նոր լրատվամիջոցների համար ասեմ»:

Ճշտող հարցին՝ խնդրահարույց որևէ բան չի՞ տեսնում այդ կանոնակարգում, նա արձագանքեց. «Իհարկե, տեսնում եմ, այնտեղ կբարձրաձայնեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։

Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։

Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։

News.am